Thursday, October 7, 2010

ԿՐԿԻՆ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄՈՏ

«Լրագիր» 7-10-2010- Օրերս Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ԼՂՀ Հայկազովի զորամասում, ըստ պաշտոնական վարկածի կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Վալերի Մուրադյանի ծնողներին, ում նախորդ հանդիպման ժամանակ խոստացել էր 6 ամսվա ընթացքում հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սակայն բոլոր ողջամիտ ժամկետներն անցել են, իսկ մեղավորները հայտնաբերված չեն: Ավելին, ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռևս կալանավորված անձինք չկան:

Նախարարի հետ հանդիպմանը ծնողներից բացի ներկա են գտնվել նաև վերջիններիս շահերի պաշտպանը, գործի քննությունը վարող քննիչն ու զինվորական դատախազության ներկայացուցիչը, ովքեր գործի ընթացքի վերաբերյալ մանրամասներ են զեկուցել նախարարին: Պարզվել է, որ գործում նոր տեղաշարժ չկա:

Զինվորի մայրը` Նանա Մուրադյանն ասում է, որ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել քննիչին ու զինդատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Նախարարը ծնողներին կրկին խոստացել է, որ ամեն ինչ արվելու է մեղավորներին հայտնաբերելու համար:

Ի դեպ, մինչ նախարարի հետ հանդիպումը ծնողները զինվորական դատախազությունում հանդիպել էին Ալբերտ Մարգարյանի հետ և դժգոհ մնացել այդ հանդիպումից: Դատախազ Մարգարյանն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել սևազգեստ կնոջ նկատմամբ:

Հիշեցնենք, որ բանակ զորակոչվելուց 3 ամիս անց, մարտի 14-ին Վալերի Մուրադյանին գտել էին զորամասի բակում`տուրնիկից կախված: Տուրնիկը, որից կախված են գտել 18-ամյա զինվորին, 149 սմ բարձրություն է ունեցել, իսկ տղայի հասակը 180 սմ է:

Զինծառայողի հարազատները մերժում են պաշտոնապես առաջ քաշված ինքնասպանության վարկածը և համոզված են, որ իրենց որդուն սպանել են: Ծնողների պնդմամբ, որդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ինչը չի արձանագրվել դատաբժշկական եզրակացության մեջ:

“Տղայիս տկլոր են զորամասից բերել: Կապտուկներ կային մարմնի տարբեր մասերում, թևերի տակ, թևերի վրա, վզի վրա մատնահետքեր կային, քիթն էլ ճզմված էր,- ծնողները հակված են մտածել, որ իրենց որդուն խեղդել են ու հետո կախել,- մեր աչքի տեսածը չեն ընդունում, պնդում են, թե ինքնասպան է եղել: Վզի վրա պարանի երկու հետքերն էլ կան: Սա նշանակում է, որ երեխայիս անսպասելի, հետեւից պարանը գցել վիզը խեղդել են ու նոր կախել”:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարը Գագիկ Շամշյանի

No comments: