Friday, October 8, 2010

ՓԱԿ ՆԻՍՏ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 8-ին փակ նիստ է անցկացնելու կապված բանակի իրավիճակի հետ եւ լսելու է պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Այդ մասին հոկտեմբերի 8-ի առավոտյան խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներին է ասել հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է, որ ինքը, որպես հանձնաժողովի անդամ, Ժառանգություն խմբակցության անունից այդ նիստի ընթացքում բարձրացնելու է բանակում առկա խնդիրների, վերջին շրջանում հաճախակիացած ողբերգական միջադեպերի հետ կապված հարցադրումներ:
“Անշուշտ, հանդես եմ գալու, որպես Ժառանգության խմբակցության անդամ, եւ ոչ միայն ձեր ասած հարցապնդումներով, այլեւ այսպիսի հարցապնդմամբ, թե ինչպես է եղել, որ վերջին տարվա ընթացքում մենք ունենք գերության մեջ հայտնված զինվորներ, որոնք որ մինչ այսօր ոչ այդքան պարզ պատճառներով հայտնվել են ադրբեջանական կողմում: Այսինքն, ես այդ հարցերով գիտեմ, զբաղվում եմ տարիներ շարունակ, եւ այսօր որպես այս քաղաքական ուժի ներկայացուցիչ անշուշտ ամենապարզ, ամենաշիտակ ձեւով մենք այդ հարցը կբարձրացնենք: Ես առաջարկություն արդեն արել եմ, դա քաղաքացիական վերահսկողության մեխանիզմի ուժեղացումն է”, ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա նշել է նաեւ, որ այդ վերահսկողությունը պետք է ընդհանրապես ուժեղացվի ուժային բոլոր կառույցների, այդ թվում նաեւ ոստիկանության եւ ազգային անվտանգության համար:

No comments: