Friday, October 8, 2010

ԱՄՆ-ն հույս ունի ԵԱՀԿ հաջորդ համաժողովի ժամանակ գտնել Արցախյան հակամարտություն կարգավորման բանաձևը

HayNews.am. 8-10-2010- Բրյուսելում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելլին (Ian C. Kelly) հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ և հուսով է Ասթանայում կայանալիք համաժողովի ընթացքում գտնել հակամարտության կարգավորման բանաձևը, հայտնում է УКРИНФОРМ-ը:
«Պետք է նշել, որ մենք անհանգստացած ենք շփման գծում պատահարների հաճախացման փաստից, այն ցավալի դեպքերից, որի արդյունքում մարդիկ են զոհվում: Սա անհանգստացնող երևույթ է»,-նշել է ամերիկացի դիվանագետը և շարունակել. «Այժմ կարևորն այն է, որպեսզի կողմերը խոսեն իրար հետ, ապահովեն դիվանագիտական գործընթաց» : Ուկրաինական լրատվական գործակալության այն հարցին, թե արդյո՞ք պետք չէ նոր մոտեցումներ ցուցաբերել արցախյան հիմնահարցի կարգավորման գործում, Քելլին պատասխանել է. «Նոր հնարավորություններ կընձեռի ԵԱՀԿ հաջորդ համաժողովը, որը տեղի կունենա Ասթանայում: Մենք նման համաժողովները դիտարկում ենք որպես հնարավորություն Բաքվի և Երևանի միջև բարձր աստիճանի երկխոսության վերսկսման համար: Հուսով ենք, որ երկու կողմն էլ կժամանեն Ասթանա: Կցանկանայինք, որ կողմերն իրենց վրա վերցնեին հստակ ամրագրված սկզբունքների պահպանման պարտականությունը, սկզբունքներ, որոնք կտանեն խնդրի կարգավորմանը: Մենք կարող ենք կողմերին հրավիրել համաձայնության գալու որոշակի «ճանապարհային քարտեզի »շուրջ՝ հակամարտությունը լուծելու համար: Սա այն է, ինչի հետ մենք հույսեր ենք կապում»,-նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:

No comments: