Saturday, October 9, 2010

Ինչո՞վ են տարբերվում Քենեդիներն ու Բուշերը Ալիևներից ու Մուբարաքներից

Tert.am. 9-10-2010- Վերջին օրերին կրկին սրվել է համաշխարհային քաղաքականությունում դինաստիաների օրինականության հարցը։ Կահիրեում և Ալեքսանդրիայում բանը հասել է բախումներին ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք դժգոհ են, որ 1981-ից Եգիպտոսը կառավարող նախագահ Հոսնի Մուբարաքը պատրաստվում է իշխանությունը փոխանցել կրտսեր որդուն՝ 46-ամյա Գամալ Մուբարաքին։
Իսկ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ապագա առաջնորդ Կիմ Չեն Ունը պլաստիկ վիրահատություն է կատարել՝ պապին՝ Կիմ Իր Սենին նմանվելու համար։ 2002թ. Ադրբեջանում փոխեցին Սահմանադրությունը, որպեսզի նախագահ Հեյդար Ալիևին փոխարինի Իլհամ Հեյդար Օղլու Ալիևը:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, քաղաքականությունում նման դինաստիականությունն ակտուալ է ոչ միայն անհանգիստ Արևելքում, այլև միանգամայն այլ արժեքներ դավանող Արևմուտքում:
Նախընտրական պաստառներում, որոնցով լեփ-լեցուն էր Բելգիան ամառային խորհրդարանական ընտրություններից առաջ, իրար էին հաջորդում վաղուց հայտնի ազգանուններ։ Պատահական չէ, որ լրագրողները եվրոպական այս թագավորությունը հաճախ «ժառանգական ժողովրդավարություն» են անվանում։ Բացի միապետականից՝ երկրում քիչ չեն քաղաքական դինաստիաները։ Այսպես՝ անցյալ դարի վերջին բելգիական քաղաքականության հայտնի դեմքերից սենատոր և նախարար Ֆրանկ Վան Աքերը հետպատերազմյան շրջանի վարչապետներից մեկի՝ Աշիլ Վան Աքերի որդին էր։ Մարկ Էյսքենսը, որը 1980-ական թվականների սկզբին եղել է վարչապետ, երեք անգամ Բելգիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Գասթոն Էյսքենսի որդին է։ Բելգիայի քաղաքական երկնակամարի սկանդալային ծագող աստղ դարձավ Ալեքսանդր դե Քրուն՝ դաշնային խորհրդարանի խոսնակ Հերման դե Քրուի որդին։
Լինելով ֆլամանդացի լիբերալների առաջնորդը՝ նա իր կուսակցությունը դուրս հանեց իշխող կոալիցիայից, ինչի հետևանքով քայքայվեց դաշնային կառավարությունը։ Ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել։ Բելգիան փոքր երկիր է (10.5 մլն մարդ), և Ֆլանդրիայում պատգամավորների 10%-ը խորհրդարանականների երեխաներ են։ Ինչպե՞ս է ստացվում այս «ընտանեվարությունը»։ Ծանոթությամբ այստեղ պաշտոն չես զբաղեցնի. ընդդիմությունն անմիջապես կփչացնի և՛ հայրերի, և՛ որդիների հետագա կարիերան։ Սակայն ծնողների կապերը և անգամ միայն նրանց անունը երբեմն հաջողության մեծ գրավական են լինում։
Սակայն այսպիսի օրինակները բնորոշ են ոչ միայն փոքր երկրներին։ Ֆրանսիացի սոցիալիստների ներկայիս առաջնորդ Մարտին Օբրին՝ Եվրահանձնաժողովի ամենահաջողակ նախագահ Ժակ Դելորի դուստրը, կարիերան սկսել է որպես անհայտ իրավաբան աշխատանքային իրավունքի բնագավառում, իսկ ճանաչում ձեռք է բերել շնորհիվ աղմկոտ գործընթացների՝ դրանցում հանդես գալով գերազանց։ Մարին Լեպենը՝ ֆրանսիացի գլխավոր ազգայնական Ժան Մարի Լեպենի դուստրը, նախքան քաղաքականություն գալը տասը տարի աշխատել է փաստաբանական ոլորտում։ Սակայն հակաօրինակներ էլ կան։ Այսպես՝ ֆրանսիացի գեներալ և նախագահ Շառլ դը Գոլի որդին՝ Ֆիլիպ դը Գոլը, անարդարացիորեն շրջանցվեց «Ազատության» շքանշանի պարգևատրման ժամանակ, թեև արժանի էր դրան։ Լուի դ՛Էստենը՝ Ֆրանսիայի մեկ այլ նախագահ Ժիսկար դ՛Էստենի որդին, Ռուանի առևտրի բարձրագույն վարժարանն ավարտելուց հետո բանակ կանչվեց՝ որպես ենթասպա։
Հայրն այդ ժամանակ արդեն նախագահ էր։ Երբ մեկ տարի անց Լուին փորձեց ընդունվել Դոֆինի համալսարան (Universite de Dauphine), նրան մերժեցին։ Նա մեկնեց Մեծ Բրիտանիա և ԱՄՆ՝ կարիերա ստեղծելու նպատակով։ Վերադառնալով Ֆրանսիա՝ հիմնեց հրատարակչություն և սկսեց քաղաքականություն մուտք գործել։ Առաջին իսկ ընտրություններին պարտություն կրեց։ Հիսուն տարեկանում Լուին ի վերջո Ազգային ժողովի պատգամավոր դարձավ։
ԱՄՆ-ի քաղաքական դինաստիաների ժամանակակից պատմության առավել վառ օրինակներ են Քենեդինների ու Բուշերի ընտանիքները։ Առաջինի հիմնադիրը Ջոզեֆ Քենեդի Ավագն է։ 1938թ. ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Քենեդուն նշանակեց դեսպան Մեծ Բրիտանիայում։ Այդ ժամանակվանից ի վեր Քենեդիների ընտանիքում սկսեց քաղաքական ճյուղ մեծանալ։ 1947թ. Ջոն Քենեդին ընտրվեց Կոնգրեսի անդամ, իսկ 1960թ.՝ ԱՄՆ-ի նախագահ։ Որոշ ժամանակ անց նրա կրտսեր եղբայր Ռոբերտը դարձավ երկրի գլխավոր դատախազ։ Հետո էլ Կոնգրեսում սկսեց փայլել Էդվարդ Քենեդին։ Վերջինիս որդին՝ Պատրիկ Քենեդին, 1995-ից ընտրվում է ԱՄՆ-ի Կոնգրեսում, իսկ Մարիա Շրիվերը՝ սպանված նախագահ Ջոն Քենեդու քրոջ թոռը, ներկայում Կալիֆոռնիայի առաջին տիկինն է՝ նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կինը։
Բուշերի դինաստիայի հիմնադիրը Սամուել Բուշն է, որը եղել է նախագահ Գուվերի խորհրդականը։ Վերջին Բուշ նախագահի երեխաներից ոչ մեկը նախնիների քաղաքական կարիերան շարունակելու ցանկություն առայժմ չի հայտնել՝ գերադասելով բիզնես գործունեության հեռանկարները։
Քաղաքական ընտանեվարությունը ծաղկում է նաև հետխորհրդային տարածքում։ Որպես օրինակ՝ վերցնենք Ուկրաինան։ Հարազատ մարդու համար ջանալուց չեն խորշել ո՛չ «նարնջագույնները», ո՛չ ներկայիս իշխանության ներկայացուցիչները։ Ժամանակին դա «մոդա դարձրեց» հենց ինքը՝ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ 2006թ. պատգամավորություն «նվիրելով» իր որդուն՝ Վիկտոր Վիկտորովիչ Յանուկովիչին։ Չորս տարվա ընթացքում Յանուկովիչ Կրտսերը ոչ մի անգամ ելույթ չի ունեցել խորհրդարանական ամբիոնից՝ որպես զեկուցող կամ հարակից զեկուցող։
Աշխատանքի տեղավորման միանգամայն վառ օրինակ է Նիկոլայ Կորովիցինը՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարը։ Նրա աշխատանքային ուղին դեպի այս պաշտոն կազմված է եղել կարիերային մեկ աստիճանից։ Նա եղել է ազգային պատգամավորի օգնական, ընդ որում՝ այդ պատգամավորը նրա մայրն էր՝ նախկինում Յանուկովիչի մամլո քարտուղար, ներկայում նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը։ Դառնալով փոխնախարար՝ Կորովիցինն ընդունեց մոր ազգանունը, որպեսզի ոչ ոք չսխալվի և իմանա, թե ում հետ գործ ունի։
Սակայն Հյուսիսային Կորեային, իհարկե, ոչ ոք չի կարող գերազանցել։ Կիմ Իր Սենի 100-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է 2012թ., Փհենյանում արդեն թողարկվել են հուշադրոշմանիշներ, որոնց վրա պատկերված ԿԺԴՀ-ի հիմնադրին միանգամայն կարելի է ընդունել թոռան՝ Կիմ Չեն Ունի փոխարեն։

No comments: