Wednesday, October 6, 2010

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ «ԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԻՆ»

«ԱԶԳ», 06-10-2010- Ամերիկացի թուրքամետ պատմաբան Գյունտեր Լեւին, ինչպես երեկ նշել է Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը, պատասխանելով լրագրողների «ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարի» հարցին, հայտարարել է. «Այդ պայքարն իհարկե, տանուլ չի տրված: Սակայն 2015-ին, երբ կլրանա 1915-ի իրադարձությունների 100-ամյակը, պայքարը կբախվի լուրջ դժվարությունների: Համենայն դեպս ես տարելիցի առնչությամբ մտավախություններ ունեմ: Թեեւ հայկական պնդումների դեմ պայքարում մեծ տեղաշարժ է կատարվել, սակայն անելիքները դեռեւս շատ-շատ են: Պայքարի հաջողությունը մեծապես կախված է Թուրքիայի վերաբերմունքից: Կարծում եմ, քանի դեռ ուժի մեջ է 301-րդ հոդվածը, ապա գործերն ամենուրեք կբարդանան, որովհետեւ ձեզ կասեն. «Դուք վախենում եք անաչառ ուսումնասիրությունից: Եվ դա իրավացի կլինի: Որքան էլ կրկնակի վերայանվի 301-րդ հոդվածը, առ այսօր կիրառվում է: Դա Թուրքիայի «դատին» հազիվ թե նպաստի»:
«Ինչպե՞ս եք բնութագրում 1915-ի իրադարձությունները» հարցին ամերիկացի պատմաբանը պատասխանել է հետեւյալ կերպ. «Որքան էլ ես ասեմ, որ դժվար է եւ անհարիր իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն բնութագրելը, դրանց բնութագրումը ամենեւին էլ դյուրին չէ: Անձամբ նախընտրում եմ իրադարձությունների բնութագրումը թողնել յուրաքանչյուրի բարոյական եւ իրավաբանական ըմբռնումներին: Առ այսօր չի հաջողվել 15-ի իրադարձությունների վերաբերյալ հավասարակշիռ եւ ճշմարիտ տեսակետ արտահայտել: Իմ կարծիքով հենց դա է բուն խնդիրը»:

No comments: