Monday, October 25, 2010

“ԱԽՊԵՐ” ԿԱՄ “ԱՊԵՐԱԽՏ”

«Լրագիր» 25-10-2010- “Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես”, ասել է հանգստյան օրերին Ախուրյանի շաքարի գործարանի բացմանը մասնակցած Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով բանակի խնդիրներին:

Բնականաբար հարց է առաջանում, թե ովքեր են այդ ապերախտները: Բանն այն է, որ դա շատ կարեւոր է, որովհետեւ դրանից հետո պետք է պարզվի, թե բանակի սխրագործության ինչ արդյունքներից են նրանք օգտվում: Այդ արդյունքները հոգեւո՞ր են, բարոյակա՞ն, թե՞ նյութական: Բանն այն է, որ բանակի սխրագործության արդյունք է խաղաղությունը, բայց ամեն մարդ խաղաղությունից օգտվում է տարբեր կերպ:

Օրինակ, ներկայիս իշխանությունը խաղաղությունից օգտվում է անձնական մեծ սեփականության, շքեղ եւ հարմարավետ կյանքի տեսքով: Իրենց բիզնեսների մասին բացահայտ հայտարարում են ԱԺ նախագահը, տարբեր նախարարներ, պատգամավորներ, նրանց հարազատ-բարեկամները: Բիզնեսմեն են գրեթե բոլոր պաշտոնյաների մոտ ու հեռու հարազատները, սկսած հանրապետության նախագահից:

Խոշոր սեփականատերեր են նույն այդ բանակի գեներալները, որոնք շրջում են այնպիսի մեքենաներով եւ ապրում են այնպիսի տներում, որպիսին իրենց երեւի թե հոլիվուդյան աստղերն են թույլ տալիս ունենալ:

Կարծես թե ակնհայտ է, թե ինչպես են բանակի սխրագործության արդյունքից օգտվում իշխանության եւ նրան մոտ կանգնած շրջանակները. նրանք բաժանել են, քվոտավորել են բանակի սխրագործության արդյունքը` խաղաղությունը, եւ տնօրինելով այդ քվոտաները, դարձել են շքեղ կյանքի տերեր:

Բայց անկասկած է, որ Սերժ Սարգսյանն “ապերախտ” ասելով նրանց չէ, որ նկատի ունի: Գուցե նա նկատի ունի նրանց, ովքեր տարբեր տարիներին լինելով իշխանության մեջ, օգտվել են խաղաղության քվոտաներից, իսկ այսօր հանդես են գալիս իշխանության քննադատի դիրքերից, դրա համար օգտագործելով նաեւ բանակում առկա խնդիրները: Ասել, թե այդպիսի մարդիկ չկան, թերեւս կլինի սխալ: Կան մարդիկ, որոնք տարբեր տարիներին զբաղեցրել են բանակի տարբեր պատասխանատու պաշտոններ եւ որեւէ կերպ չեն բարձրաձայնել բանակում առկա խնդիրների, ողբերգությունների եւ հանցագործությունների մասին: Մինչդեռ դրանք այն ժամանակ էլ կային, դրանք իսկապես նոր չէ, որ տեղի են ունենում որպես արատավոր երեւույթ:

Բայց, այդ պաշտոնյաների “ապերախտությունն” արդեն ոչ թե բանակի հանդեպ է, ինչպես փորձում է ներկայացնել Սերժ Սարգսյանը բառացի, այլ թերեւս հենց իշխանության: Այսինքն, “երբ դուք իշխանության մեջ էիք, ամեն ինչ նորմալ էիք համարում, կամ գոնե ձայն չէիք հանում աննորմալությունների մասին. իսկ հիմա հանկարծ ամեն ինչ դարձավ վատը”: Թերեւս հենց այդ միտքն է Սերժ Սարգսյանի խոսքի ենթատեքստը: Նա մատնացույց է անում այդ պաշտոնյաների ապերախտությունն իշխանության, ոչ թե բանակի հանդեպ: Ի վերջո, բանակը կատարել է սխրագործությունը, իսկ դրա արդյունքներից օգտվելու “կարգը” սահմանել է իշխանությունը:

Այդ առումով, սահմանած այդ “կարգի” տրամաբանության շրջանակում, Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի է: Այդ պաշտոնյաներն իսկապես ապերախտություն են անում իշխանության հանդեպ: Ով գիտե, գուցե ինչ որ առումով, ինչ որ պահի իշխանությունն է նրանցից որոշների հանդեպ ապերախտություն արել, ինչի պատճառով էլ նրանք հանդես են եկել պատասխան ապերախտությամբ:

Բայց դա բոլորովին կարեւոր չէ: Դա “ապերախտների” ներքին գործն է, եւ ի վերջո, խաղաղության քվոտավորման համար սահմանած “կարգի” տրամաբանությունը` կամ “ախպեր” են, կամ “ապերախտ”, երրորդ տարբերակ չկա:

Միայն թե պետք չէ, որ այդ “ներքին գործը”, անձնական զգացումները, անկախ այն բանից` արդարացի են դրանք, թե ոչ, փորձեն լուծել հանրային եւ պետական այնպիսի կարեւոր նշանակություն ունեցող կառույցի հաշվին, ինչպիսին բանակն է: Թող իրերն անվանեն իրենց անուններով եւ չփորձեն ակնարկի ձեւով թաքցնել բանակի անվան տակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: