Monday, October 25, 2010

Global Heritage Fund. Մեծ հայկական քաղաքակրթության գոհարը վտանգված է

Tert.am. 25-10-2010- «Ժառանգության գլոբալ հիմնադրամը» (Global Heritage Fund) հրապարակել է աշխարհում ոչնչացման շեմին կանգնած հուշակոթողների ցանկը, որում 12 այլ պատմական կոթողների հետ միասին ներառվել է նաև Անի քաղաքը:
«Պաշտպանել մեր ոչնչացող ժառանգությունը» վերնագրով զեկույցում նշվում է, որ թուրքական իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն Անիի ավերակները վերջնական կործանումից փրկելու համար:
«10-11-րդ դարերում հայերի հիմնադրված Անին իր նմանը չունեցող հայկական մեծ քաղաքակրթության կոթող է: Այսօր Անի քաղաքը, որ մեծամասամբ վերածվել է ավերակների, պատմում է մի ողբերգության մասին, այն բազմիցս ենթարկվել է հարձակումների, իսկ հայերը թուրքական տիրապետության ժամանակաշրջանում՝ 14-րդ դարում, ստիպված եղան լքել քաղաքը: Այդ ժամանակներից ի վեր Անին անպաշտպան մնաց մարդկանց դեմ և փորձեց իրեն պաշտպանել թալանչիներց և վանդալներից… Սակայն դրա գեղեցկության մեծ մասը պահպանվել է: Ավերակներում գտնվող գլխավոր և ամենազդեցիկ կառույցը 1001թ. կառուցված Անիի Մայր տաճարն է, որի գոթական ոճը տարածում գտավ Եվրոպայով մեկ… Սակայն Անին վերջնական կործանումից փրկելու համար անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշվում է զեկույցում:
Երկու էջանոց զեկույցի «Անբավարար ուշադրություն, թալան և վանդալիզմ» բաժնում նշվում է, որ շատ հաճախ «վերանորոգում» անվան տակ քայլեր են իրականացվում, որոնք տալիս են բացասական արդյունք:
«Անի ժամանող զբոսաշրջիկները շատ փոքր հարգանք են ցուցաբերում այդ պատմական և մշակութային արժեքի նկատմամբ: Բացի այդ, Անին վնասում են այդտեղ խնջույքներ կազմակերպողներն ու թալանչիները»,- նշվում է զեկույցում:

No comments: