Thursday, October 7, 2010

Քուրդ կուսակցապետ. Թուրքական սերիալները ազգամիջյան թշնամություն են սերմանում

News.am. 7-10-2010- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը 4 թուրքական հեռուստասերիալների դեմ բողոք է ներկայացրել Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության խորհուրդ:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Դեմիթաշը նշել է, թե 4 հեռուստասերիալներ, որոնց թվում է աղմկահարույց «Գայլերի հովտի որոգայթը», ազգամիջյան թշնամություն են հրահրում: «Այդ սերիալներում այնպիսի թեմաներ են ներկայացնում, որ հեռուստադիտողը սերիալի ավարտից հետո ցանկանում է առաջին իսկ պատահած քրդին խեղդել»,-նշել է Սելահաթին Դեմիթաշը:
Նշենք, որ այս տարվա հունվարին Իսրայելում Թուրքիայի դեսպանին ավելի ցածր աթոռի վրա նստեցնելով նվաստացնելու պատճառը եղել է հենց «Գայլերի հովտի որոգայթը» սերիալի սցենարներից մեկը, որտեղ Իսրայելի զինվորականները ներկայացվել են որպես երեխա առեւանգող:
Բացի այդ, «Գայլերի հովտի որոգայթը» ֆիլմի նկարահանող խումբը եղել է նաեւ Բաքվում, որտեղ նրանց խնդրել են Ղարաբաղի վերաբերյալ եւս ֆիլմաշար նկարահանել, սակայն սերիալի հեղինակները ձեռնպահ են մնացել այն իրագործել, մտածելով, որ այն ավելի կլարի հայ-թուրքական հարաբերությունները:

No comments: