Thursday, October 7, 2010

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

Հայաստանում առկա խնդիրների զգալի մասը մամուլի վրա բարդելու իշխանական պրակտիկան նոր չէ: Դա եղել է գրեթե միշտ, անկախությունից ի վեր, եւ մամուլն այդ ընթացքում որեւէ հանրային եւ պետական նշանակության հարց բարձրացնելիս բարձրաձայն ներկայացվել է որպես ինչ որ արտաքին կամ ներքին մութ ուժերի պատվեր կատարող: Ընդ որում, հասկանալի է, որ եղել են ու կան նաեւ այդպիսի լրատվամիջոցներ, թեեւ դրանց այդ “մութ” պատվիրատուները հիմնականում հենց իշխանական այն օղակներից են, որոնք էլ հետո մեղադրում են մամուլին պատվեր կատարելու համար: Բայց ակնհայտ է նաեւ, որ այդ կլիշեների ձեւավորման շնորհիվ իշխանությունը փորձել է եւ որոշակիորեն հաջողել հասնել այն բանին, որ դրա տակ հայտնվեն բոլոր լրատվամիջոցները, լրատվական դաշտն ընդհանրապես, այդ թվում եւ մամուլի այն միջոցները, որոնք հանրային եւ պետական նշանակության խնդիրների մասին բարձրաձայնում են անկեղծ մտահոգությամբ:

Վերջին երկու, երրկուսուկես տարվա ընթացքում մամուլի հասցեին ուղղված այդ բացահայտ կամ ակնարկված մեղադրանքները հաճախակիացան, եւ նույնիսկ սկսեցին կրել համակարգված, մեխանիզացված բնույթ: Դրա շնորհիվ էլ ի հայտ եկան որոշ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ փորձում են մամուլի դաշտը դարձնել առավել կառավարելի եւ վերահսկելի, պատճառաբանելով, որ Հայաստանում մամուլը կայացած չէ եւ տուրք տալով անցանկալի վարքուբարքին, նպաստում է դրա գեներացմանը: Այսինքն, սկսեց արդեն գրեթե պաշտոնականացվել այն մտայնությունը, որ երկիրը կարգի բերելու համար նախ պետք է կարգի բերել մամուլը: Հասկանալի է, որ դրա տակ իրականում ամենեւին էլ երկիրը կարգի բերելու նպատակը կամ գաղափարը չէ, այլ դա պատրվակ է մամուլի դաշտն էլ ամբոջական հսկողության տակ առնելու ու այդ կերպ իշխող համակարգը վերջնականապես զրահապատելու համար:

Պարզ է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ կան արտասահմանյան կառույցներ, որոնց համար Հայաստանի ընտրությունը կեղծելը գուցե վտանգավոր չէ սեփական շահի տեսանկյունից, բայց մամուլի դաշտն արգելափակելը կարող է վտանգավոր լինել, եւ Հայաստանի իշխանությունը մամուլը լիակատար հսկողության տակ վերցնելով, կարող է որոշակիորեն դուրս գալ այդ կառույցների վերահսկողության տակից: Դրա համար էլ նրանք իշխանությանը թույլ չեն տա այդքան հեշտ գրավել մամուլը: Բայց տվյալ պարագայում էականը դա չէ, այլ այն, որ իշխանությունը շարունակում է բացահայտ կամ ակնարկված մեղադրանքները մամուլի հասցեին: Օրինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժգոհում է, որ մամուլը վերջին շրջանում սկսել է շատ գրել բանակի մասին:

Իսկ ինչի համար է պաշտպանության նախարարը դժգոհ: Արդյոք ա՞յն պատճառով, որ մամուլի հրապարակումները խանգարում են ըստ հայեցողության տնօրինել քննչական բոլոր գործերը, որոնք վերաբերում են բանակում տեղի ունեցող սպանություններին: Մի՞թե պաշտպանության նախարարությանը մամուլն է խանգարում բացահայտել եղած հանցագործությունները, պատժել մեղավորներին, բանակում կանոնադրական հարաբերություններ ապահովել: Մի՞թե մամուլի հրապարակումներն ընթերցելով են բանակում սպանում կամ սպանվում: Ի՞նչ կապ ունի մամուլը: Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը փորձում շեղել բուն խնդիրը:

Հասկանալի է, որ նա մամուլի որոշ հրապարակումներում գուցե տեսնում է, կամ գուցե նույնիսկ հավաստիացել է, որ կա հենց անձնապես իր դեմ իրականացվող հակաքարոզչություն: Բայց այդ դեպքում գերադասելի է, որ պաշտպանության նախարարը շատ ավելի կոնկրետ լինի եւ ասի, թե կոնկրետ որ լրատվամիջոցը եւ ում պատվերով է քարոզչություն սկսել իր դեմ: Այլապես հեշտ է բանակն ու մամուլը ընդհանրացնելը, սեփական անձի փոխարեն բանակ, իսկ որոշ լրատվամիջոցների անունների փոխարեն` մամուլ ասելը:

Գուցե բանակում առկա ներկայիս վիճակն անձնական խնդիրներ է առաջացրել պաշտպանության նախարարի համար, բայց դրանք լուծելու լավագույն ձեւը հենց անձնական խնդիրներ առաջացնող պատճառների, այսինքն բանակում առկա արատավոր իրողությունների, ոչ թե մամուլի դեմ պայքարելն է: Ավելին, այդ արատների դեմ պայքարի անկեղծ ցանկության եւ կամքի պարագայում Սեյրան Օհանյանն այդ հարցում թերեւս չի կարող ավելի լավ գործընկեր ունենալ, քան մամուլը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: