Thursday, October 7, 2010

ԼՂՀ-ն ակնկալում է կառուցողական մոտեցում նաև Բաքվի կողմից՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և Մարտունու բռնազավթված հատվածներում

Panorama.am. 7-10-2010- Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող փորձագետներին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության` իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրականացման շրջանակներում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաև Բաքվի կողմից՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և Մարտունու բռնազավթված հատվածներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը և ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: