Friday, October 8, 2010

Ինչո՞ւ է Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնում Վրաստան

News.am. 8-10-2010- Եթե չի բարձրացվելու Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը, եթե չի լուծվելու գոնե մեկ հարց, ապա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը անիմաստ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, Գարեգին Բ-ի այցը Վրաստան հետաձգվում է արդեն երկու տարի: «Երկու տարի է Գարեգին Բ-ն պատրաստվում է այցելել Վրաստան: Լուրեր են տարածվել, որ հոկտեմբերի վերջին, նա, վերջապես, կայցելի Վրաստան: Սակայն, երկու օր առաջ, մամուլի ասուլիսում Մայր Աթոռի ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել հարցին, թե, արդյոք, Գարեգին Բ-ն կայցելի՞ Ջավախք, թե` ոչ, եւ այդ այցելության ժամանակ կլուծի՞ հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը, թե` ոչ:
Մինչեւ հիմա բանակցում են այցելության մակարդակի շուրջ, անգամ հայտնի չէ, դա լինելու է աշխարհի՞կ այցելություն, թե՞ կրելու է գործնական բնույթ: Ես կարծում եմ, որ Գարեգին Բ-ն պետք է այցելի Վրաստան եւ լուծի գոնե մեկ հարց: Հակառակ դեպքում դա կբերի նրան, որ ջավախահայերի եւ վրացահայերի աչքում Ամենայն հայոց կաթողիկոսը կկորցնի իր հեղինակությունը»,- ասաց Թորոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-28-ին Գերեգին Բ-ն կայցելի Վրաստան, որի ընթացքում նա հնարավորություն կունենա քննարկել հայկական եկեղեցիների հարցը եւ ուրվագծել այդ խնդրի լուծման հեռանկարները:

No comments: