Friday, October 8, 2010

ԼԱՐՍԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ «ԲԱՆԱԼԻ»

Ջավախքում կառուցվող որբանոցով հետաքրքրվողներով «հետաքրքրվում է» վրաց ազգային անվտանգության ծառայությունը
«ԱԶԳ» , 08-10-2010 - Վրացական իշխանությունները հասել են լկտիության այն աստիճանին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Երեւան այցելության ընթացքում իրեն թույլ է տալիս հայտարարել, թե ինքը չգիտի` ինչ է Ջավախքը: Այսպիսին է Աժ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի գնահատականը, որ հնչեց երեկ «Դուպլեքս» ակումբում: Ասուլիսին մասնակցում էին նաեւ «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին եւ «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:
Թորոսյանի ներկայացմամբ, Վաշաձեի հայտարարությանը նախորդած Լարսի անցակետի փակումը եւս վրացական քաղաքականության մաս է: Ամեն դեպքում, ըստ Թորոսյանի, Վաշաձեն իրեն թույլ տվեց նման լկտիությամբ հայտարարություն անել Երեւանում, քանի որ մինչ նրա այցելությունը Վրաստանն արդեն փակել էր Վերին Լարսի անցակետը: «Լարսի բացումը քանի՞ անգամ են մեզ վրա ծախելու», հարցադրում արեց Թորոսյանը, մեկնաբանելով, որ հենց ինչ-որ բան այն չէ, Վրաստանը փակում է Լարսը ու այդ կերպ Հայաստանին զրկում որեւէ խնդիր բարձրաձայնելու հնարավորությունից:
Այս ամենը, նաեւ Վաշաձեի հայտարարությունը, պատգամավորի կարծիքով, միտված են խեղդելու Ջավախքի խնդիրների վերհանումը, հայաթափելու մեծապես հայաբնակ այդ տարածքը: Այդ քաղաքականության մի մասն էլ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նինոծմինդայում կառուցվող ու որպես որբանոց ներկայացվող շինությունն է, որի առնչությամբ Թորոսյանը կասկածներ հայտնեց, թե բնավ նման չէ որբանոցի:
Նախ, Ջավախքում չկան անխնամ կամ դրսում թողնված որբեր, այս տարածաշրջանում մարդիկ որբացած երեխաներին վերցնում են իրենց խնամակալության տակ` ոչ մեկին փողոցում չթողնելով: Իսկ թե որբանոցը որեւէ տեղ կառուցելու պատճառաբանությունները Ջավախքի պարագայում տեղին չեն, ապացուցման կարիք չունի, քանի որ այդ տարածաշրջանում բնակլիմայական պայմանները բնավ էլ այնպիսին չեն, որ որբերի ապագան «քաղցրացնելու» հնարավորություններ տան:
Բացի այդ, որբանոց ներկայացվող հաստատության համար կառուցված շինությունն այնպիսի ամրություններ ու ծավալներ ունի, որ 70-80 որբի համար հաստատապես շատ ու շատ է: Մյուս կողմից էլ, պարզվում է, բոլոր նրանք, ովքեր փորձում են հետաքրքրվել որբանոցի ինչպիսին լինելով, անմիջապես հրավիրվում են Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունՙ «զրույցի»: Թորոսյանի տեղեկացմամբ, որբանոցի հարեւանությամբ գտնվող տները ստիպողաբար գնվում են: Երեկոյան ուշ ժամերին էլ բեռնատարներով ինչ-որ բեռներ են բերվում «որբանոց»:
«Ջավախք» հայրենակցական միության ղեկավարի խոսքերով, այս ամենի նպատակը Ջավախքի ժողովրդագրական կազմի փոփոխությունն է, որին նպաստող մի հանգամանք էլ Նինոծմինդայի Փոգա գյուղում վաղուց տեղակայված հոգեւոր կենտրոնն է, որի հոգեւորականներն, ըստ Թորոսյանի, սքեմի տակից զինվորական հագուստ են կրում, նաեւ նպաստում հարեւան գյուղերում թմրանյութերի տարածմանը:
Եվ այս ամենի ֆոնին, Թորոսյանի գնահատմամբ, վտանգավոր միտում է «որոշ շահամոլ տհասների կողմից» մեղադրանքը, թե Ջավախքի հարցերը բարձրացնողները խաթարում են հայ-վրացական հարաբերությունները: «Մեր բարձրաձայնումնե՞րն են վնասում հայ-վրացական հարաբերություններին», նշեց Թորոսյանը, ավելացնելով, որ այդ հարաբերություններին վնասում են Վաշաձեի, Սաակաշվիլու, այլ վրացի պաշտոնյաների հակահայկական հայտարարությունները:
Դավիթ Ռստակյանի համար Վաշաձեի հայտարարությունն առավել քան տարօրինակ ու անտեղի է, քանի որ եթե Վաշաձեի համար չկա Ջավախք, չկա նաեւ ջավախքցի, ասել է թեՙ չկան մարդիկ: Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի վարչատարածքային կառուցվածքը հաստատված չէ` այնպիսի ժամանակների սպասումով, երբ «Վրաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Ռստակյանի մեկնաբանությամբ, Վաշաձեի հայտարարությունը, որին ամենայն մանրամասնությամբ անդրադարձել էր «Ազգը» , կարելի է հասկանալ որպես Ջավաքում բնիկ հայերի բացակայության նշան:
Սեւակ Արծրունին նշեց, որ Ջավախք անվանմանը Վրաստանի ԱԳ նախարարի «անտեղյակությունը» հստակ նշան է Ջավախքին, ընդ որում, առաջին անգամ չէ, որ Վաշաձեն սխալ եւ կեղծ հայտարարություններ է անում: Այդպիսի մի ապացույց էլ ԵՄ-ում Վրաստանի դեսպանն է տվել, երբ սխալ է որակել Վաշաձեի խոսքերը, թե ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը ռուս լրտես լինելու համար է դատապարտվել:
Արծրունին անդրադարձավ Վրաստան իրեն մուտքի հնարավորություն չտալու հանգամանքին, հետաքրքրվելով, թե ԵՄ դրոշն ամենուրեք կախած ու երկրպագող Վրաստանում ինչպես է ստացվել, որ իրեն` Ֆրանսիայի քաղաքացուն թույլ չեն տալիս մտնել Վրաստան: Թեեւ, ըստ Արծրունու, հետագայում պարզաբանվել է, որ Սորբոնի համալսարանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հայկական հարցերի մասին ուսանողների հարցադրումները ընկալվել են որպես Սաակաշվիլու խայտառակություն, ինչի համար մուտքը Վրաստան մերժվել է այս խայտառակության «կազմակերպիչ» ներկայացվող Արծրունուն:
Ինչեւէ, «Երկիր» միության ղեկավարի համար հասկանալի չէ, թե ինչու է Ջավախքի հարցում անտարբեր մնում ամերիկահայ համայնքն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, որի կառավարությունում ամերիկահայերի լոբբիինգի զգալի փորձ ունեն, կարող են ազդել Վրաստանի վրա` ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների ապահովումը պահանջելով հարեւան երկրի ղեկավարությունից: ԱՄՆ-ից նման մոտեցման դեպքում, ըստ Արծրունու, Վրաստանը կփոխի վերաբերմունքը փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ` խախտելու փոխարեն փորձելով դրանք պաշտպանել:
«Ազգը» բանախոսներից հետաքրքրվեց, թե մինչեւ որեւէ մեկից արձագանք պահանջելը ինչո՞ւ որեւէ կերպ դեռեւս չի հնչեցվել Ջավախքի արձագանքը վրաց արտգործնախարարի հայտարարությանը, թե քարտեզի վրա Ջավախք վայր չկա: Դավիթ Ռստակյանը տեղեկացրեց, որ Ջավախքի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են նախապատրաստում այդ առնչությամբ:
Իսկ Սեւակ Արծրունին ավելացրեց, որ դեռեւս 2-3 տարի առաջ Երեւանում նման հայտարարություն հնչելու առնչությամբ Ջավախքում ուժեղ արձագանք կլիներ, սակայն վրացական իշխանությունները գնում են Ջավախքում վախի եւ անվստահության մթնոլորտ ստեղծելու ճանապարհով, որի մի վկայությունն էլ քաղաքական ակտիվիստների ձերբակալություններն են, բանտարկությունները, դատապարտումը, ինչպես դա եղավ Վահագն Չախալյանի պարագայում: «Եթե Վաշաձեի նետած ձեռնոցը որեւէ մեկը չվերցնի, ավելի վատ հայտարարություններ կհետեւեն», եզրափակեց Սեւակ Արծրունին:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: