Wednesday, October 6, 2010

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

«Լրագիր» 6-10-2010- Հայաստանում պետք է ռուսական երկրորդ ռազմակայան, հոկտեմբերի 6-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա ասել է, որ իր այդ կարծիքը թելադրված է նրանով, որ խոսակցություններ են գնում Մեղրիի մասին, եւ թուրքերը Նախիջեւանում ակտիվանալու պարագայում կփորձեն հենց Մեղրիի միջոցով կապվել Ադրբեջանի հետ:
Թուրքերի այդ հնարավոր պլանները կանխելու համար էլ Տիգրան Կարապետյանը անհրաժեշտ է համարում ռուսական երկրորդ ռազմակայանի տեղակայումը հենց Մեղրիում: “Մեր բանակն այսօր ի վիճակի չէ մրցել Թուրքիայի բանակի հետ”, իր խոսքը հիմնավորում է Տիգրան Կարապետյանը, նշելով, որ Ադրբեջանի զինուժի հետ Հայաստանը կարող է մրցակցել, բայց Թուրքիայի զինուժի դեմ դա հնարավոր չէ: Դրա համար էլ Ժողովրդական կուսակցության նախագահը դրական է վերաբերում Ռուսաստանի ռազմակայաններին, “քանի որ նրանք Թուրքիայի կողմից ապահովում են մեր թիկունքը”:

Միեւնույն ժամանակ, Տիգրան Կարապետյանը բացասաբար է անդրադառնում հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայմանը: Նրա խոսքով, այդ բանը տեղի ունենալու դեպքում էլ Հայաստանը կվերածվի թիկունքի եւ կկորցնի խաչմերուկ հանդիսանալու շնորհիվ ունեցած աշխարհաքաղաքական նշանակությունը: Տիգրան Կարապետյանը համարում է, որ խաղաղապահները չեն լինի միայն ռուսներ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ այժմ երկխոսում են եւ կարող են պայմանավորվել խաղաղապահների կազմը կիսելու հարցում` ռուս-ամերիկյան խաղաղապահներ:

Տիգրան Կարապետյաննն ասում է, որ այդ դեպքում ԱՄՆ կհաստատվի Կասպիցի տարածաշրջանում, իսկ Հայաստանն էլ կկորցնի գործոն լինելու ներուժը:

No comments: