
Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը դեռեւս հուլիսի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական խորհուրդ, թե արդյոք կարո՞ղ է խորհուրդը տեղեկացնել, թե ինչ մոտեցում պետք է ցուցաբերվի Իլհամ Ալիեւին զգուշացնելու, որ «ուժի կիրառման գաղափարը պետք է անգամ չքննարկվի, եւ որ Եվրոմիությունը դա չի հանդուրժի»: Եվ սա այն դեպքում, երբ եվրոխորհրդարանականը հիշեցրել է, որ Ալիեւը նման հայտարարություններ է անում շատ հաճախ` երբեմն էլ աղավաղված ձեւով եւ իրեն հարմար տարբերակով մեկնաբանելով անգամ Եվրոխորհրդարանի` Հարավային Կովկասին առնչվող բանաձեւի դրույթները:
Այս հարցմանն ի պատասխան Եվրոպական խորհուրդը նախ փաստել է, որ 2010թ. հունիսի 14-ի Հարավային Կովկասին առնչվող բանաձեւում նշվում է, որ հակամարտությունները ոչ միայն խոչընդոտում են գործընկեր երկրների քաղաքական եւ տնտեսական զարգացմանը, այլեւ տարածաշրջանային համագործակցությանը եւ կայունությանը եվրոպական մայրցամաքում: «Այս համատեքստում խորհուրդը վերահաստատում է իր հավատարմությունը` աջակցելու տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ եւ երկարաժամկետ լուծմանը եւ կոչ է անում կողմերին ամբողջապես աջակից լինել այդ գործընթացներին»:
Ըստ Եվրոպական խորհրդի պատասխանիՙ Եվրոմիությունը միշտ ընդգծել է ռազմատենչ հռետորիկայից ձեռնպահ մնալու եւ երկու երկրների հասարակությանը հնարավոր լուծմանը նախապաստրատելու կարեւորությունը: «Խորհրդարանի հարգարժան անդամն այս առումով կարող է վստահ լինել, որ Եվրոմիությունը կշարունակի մոտիկից հետեւել զարգացումներին եւ կշարունակի հստակ հաղորդագրություններ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման մասին», նշված է Եվրոպական խորհրդի պատասխանում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment