Monday, October 11, 2010

Ես հայերից ներողություն եմ խնդրել. թուրք ռեժիսորը պատասխանում է Կուստուրիցային.

Tert.am. 11-10-2010- Ես առաջիններից եմ, ով Թուրքիայում ներողություն է խնդրել հայերից: Այս մասին թուրքական Taraf օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն, ում աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Թուրքիայից հեռանալուց առաջ խորհուրդ էր տվել խոսել նաև Հայոց ցեղասպանության մասին:
«Ըստ էության, ինձ ամենից շատ բարկացրել է Կուստուրիցայի հենց այդ հայտարարությունը: Նա ասում է՝ ինչու ոչինչ չեմ խոսել 1915թ. և իրաքյան իրադարձությունների մասին: Թող չընկալվի այնպես, թե ուզում եմ պաշտպանել ինձ, սակայն ի գիտություն Կուստուրիցայի, ասեմ, որ ես առաջիններից եմ, ով իր ստորագրությամբ աջակցեց Թուրքիայում մեկնարկած «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբորից» արշավին: Բացի այդ մասնակցել եմ իրաքյան պատերազմի դեմ բոլոր արշավներին»,- հայտարարել է Սեմիհ Քափլանօղլուն` ավելացնելով, թե Կուստուրիցայի անձի հետ կապված մանրամասներ ինքն իմացել է ընդամենը մեկ ամիս առաջ:
«Մեկ ամիս առաջ Սան Սեբաստիանում բոսնիացի մի ռեժիսորից իմացա, որ Կուստուրիցան մոտ հարաբերություններ է ունեցել Բոսնիայում պատերազմի ժամանակ հանցագործություններ իրականացրած անձանց հետ»,- ասել է Քափլանօղլուն:
Նշենք, որ Սեմիհ Քափլանօղլուի «Մեղր» ֆիլմով բացվել էր այս տարվա «Ոսկե ծիրան» երևանյան 7–րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը։ Բացի այդ, Քափլանօղլուն «Ոսկե ծիրան» երևանյան 7–րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, հոկտեմբերի 9-ին Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիա էր ժամանել աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Սակայն Թուրքիայում ռեժիսորի հասցեին քաղաքական գործիչների և արվեստագետների շրջանում հնչող կոշտ քննադատություններից հետո Կուստուրիցան երեկ որոշ հայտարարություններ անելուց հետո հեռացել է Թուրքիայից:
Կուստուրիցան քննադատել էր նաև թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուին, ով նույնպես իր «Մեղր» ֆիլմով, ի նշան Կուստուրիցայի մասնակցության դեմ բողոքի, հրաժարվել էր մասնակցել կինոփառատոնին:
«Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին: Ես միշտ դեմ եմ հանդես եկել Բոսնիայում մարդկության դեմ կատարված հանցագործություններին: Եվ եթե հազար տարի էլ ապրեմ, հազար տարի էլ դեմ եմ լինելու ցեղասպանություններին»,- հայտարարել էր Էմիր Կուստուրիցան:

No comments: