Monday, October 11, 2010

ՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 11-10-2010- Երեւանի 2792-ամյակից բացի, հոկտեմբերի 10-ը նշանավորվում էր եւս մի տարեդարձով` լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ, հոկտեմբերի 10-ին, Հայաստանցի ֆուտբոլասերները թերեւս ինչ ասես որ չէին ասում Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, քանի որ դրա ուղիղ հեռարձակման պատճառով մի քանի րոպե ուշ սկսվեց Հայաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսի հեռարձակումը: Երեւանում մեծ ֆուտբոլ էր, Ցյուրիխում մեծ դադար. սեղանները, աթոռները, գրիչն ու թուղթը պատրաստ էին, սակայն ստորագրող չկար, ստորագրությունը ձգձգվում էր, իսկ այդ ամենի ուղիղ, բայց դատարակ եթերն էլ ձգձում էր ուղիղ միացումը Հայաստան-Իսպանիա խաղի երկրորդ խաղակես:

Հետո պարզվեց, որ ստորագրությունը ձգձգվել է ոչ թե այն պատճառով, որ այնտեղ էլ սպասում էին Հայաստան-Իսպանիա խաղի ավարտին, այլ որ Դավութօղլուն ինչ որ հայտարարություն է ունեցել անելու, Նալբանդյանն էլ դեմ է եղել, վերջում որոշել են, որ ոչ ոք ոչինչ չի անում ստորագրությունից հետո, թեեւ Խավիեր Սոլանան այդուամենայնիվ ինչ որ բան արեց, Հայաստանի արտգործնախարարի հետ շփումներում ազատություն տալով ձեռքերին: Լարված օրն այդպիսով ավարտվեց, իսկ Հայաստանի հավաքականն էլ պարտվեց Իսպանիային` 1:2: Հերթի մեջ էր Թուրքիայից կրելիք պարտությունը` 0:2, իսկ Սերժ Սարգսյանն էլ դեռ պետք է անզուսպ ծիծաղով շնորհավորեր Աբդուլլահ Գյուլին Հայաստանի դարպասը խփած գոլի առիթով:

Այդ ամենը դեռեւս սաղմնային փուլում կնքվել էր ֆուտբոլային դիվանագիտություն: Դրանից շատ քիչ ժամանակ է անցել, անցած գնացածը վերապատմելու եւ հիշեցնելու համար: Բոլորն էլ հիշում են, թե ինչ եղավ, ինչն ինչի հետեւից եղավ, եւ բոլորն էլ տեսնում են, թե ինչ կա այժմ: Բայց այժմ նաեւ կան բաներ, որոնք ոչ բոլորն են տեսնում: Համենայն դեպս, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարեդարձի օրերին սկսեցին հաճախակիանալ խոսակցություններն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություն են վարում հայ-թուրքական սառեցված արձանագրությունները ջերմացնելու, ֆուտբոլային սառեցված դիվանագիտությունը վերսկսելու համար: Հայաստանը հերքում է գաղտնի բանակցության մասին տեղեկատվությունը, Թուրքիան էլ կրակի վրա յուղ ավելացնելով հայտարարում “լուռ դիվանագիտության” մասին:

Իսկ ինչ է կատարվում իրականում: Հայ-թուրքական գործընթացն ավելի շատ պատմությա՞նն է մոտենում, թե ապագային: Այդ հարցի պատասխանը հստակ հայտնի է երեւի թե շատ-շատ քիչ թվով անձանց, ու շատ հավանական է, որ այդ անձանցից ոչ ոք Հայաստանում չէ, ու թերեւս Թուրքիայում էլ այդպիսի անձ չկա, որը հստակ գիտեն այդ հարցի պատասխանը: Եթե Հայաստանում եւ Թուրքիայում լինեին պատասխանն իմացող անձինք, ապա հայ-թուրքական գործընթացը հազիվ թե լիներ այնպիսի մի վիճակում, երբ երկրների հասարակությունները բացարձակապես պատկերացում չունեն, թե ինչ է լինելու 1, 2 կամ 3 տարի, կամ 10 տարի անց:

Ավելին, դատելով անցած մեկ տարվա արձանագրային, իսկ դրանից էլ առաջ նախաարձանագրային տարվա անցուդարձից, կարելի է թերեւս ասել, որ հայ-թուրքական գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի եւ չի էլ ունեցել: Դա եղել է մի դրվագ ավելի մեծ մի գործընթացի, որի շրջանակ են ներգրավվել Հայաստանն ու Թուրքիան` գուցե իրենց կամքով, գուցե ակամա: Բայց կարծես թե միարժեք է, որ անցած այդ ժամանակահատվածում օրակարգային բուն հարցը ամենեւին էլ կապ չի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերության կարգավորման հետ: Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններն այդ ընթացքում ձգտել են կարգավորել բոլորովին այլ հարցեր. գուցե անձնական իշխանության, գուցե աշխարհաքաղաքական կենտրոնների հետ անձնական կամ պետական հարաբերության, գուցե որեւէ այլ բանի:

Հայ-թուրքական գործընթացը դեռ նոր պետք է սկսի, եթե իհարկե Հայաստանում եւ Թուրքիայում որոշեն սկսել այն: Պարզապես դրա համար երկու երկրների իշխանությունները պետք է ունենան կարգավորելու իրական, անկեղծ ցանկություն, որպեսզի այդ գործընթացում իրենք ստանձնեն գլխավոր դերակատարությունը, ոչ թե այն վերապահեն միջնորդներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: