Monday, October 11, 2010

Թուրքերն Աստվածամոր և առաքյալների պատկերների առջև՞ պետք է նամազ անեն

Tert.am. 11-10-2010- Վերջերս Թուրքիայի որոշ քաղաքական ուժեր կառավարությանն առաջարկել են բացել Սուրբ Սոֆիայի տաճարը աշխատանքային օրերին՝ մահմեդականների, իսկ կիրակի օրերին՝ քրիստոնյաների համար։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Քրիստինե Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ ներկա պահին Թուրքիայի կառավարությունը մտադիր չէ տաճարում ո՛չ նամազ, ո՛չ էլ պատարագ անցկացնել։ Նա հիշեցրեց, որ օրերս Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հայտարարել էր, որ Սոֆիան թանգարան է, և իր կարգավիճակը չի փոխվի։
Իր հերթին, պատմաբան Հայկ Թադևոսյանն այս առաջարկը նմանեցրեց Աղթամարի Սուրբ խաչում տեղի ունեցածի հետ։ «Ճիշտ է, այստեղ դեռ պետական մակարդակով չի արվում, բայց հետագայում կվերաճի պետականի», – ասաց նա՝ նշելով, որ այս ամենի հետևում, բնականաբար, «պետության ձեռքն է զգացվում»։
Պատմաբանը նշեց, որ աշխարհի ոչ մի ժողովուրդ իրեն թույլ չի տա, որպեսզի մեկ այլ կրոնի Աստծո տանը իր կրոնական պահանջները բավարարվեն, իսկ թուրքերը դա իրենց թույլ են տալիս։
«Աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի եկեղեցում նման բան չեք տեսնի. առավոտյան՝ եկեղեցի, իսկ երեկոյան՝ մզկիթ, ուրբաթ օրը նամազ անեն, իսկ կիրակի՝ պատարագ մատուցվի։ Եկեղեցու դեպքում Աստվածամոր, առաքյալների պատկերները պետք է լինեն, ինչ է, թուրքերը դրանց դիմա՞ց պետք է չոքեն, նամազ անեն, և հակառակը։ Ի՞նչ է՝ խաչը պետք է հանվի և տեղադրվի կիսալուսի՞նը», – ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ նրանք չեն գնա նմանատիպ քայլի, հակառակ դեպքում կխայտառակվեն։
«Ամբողջ աշխարհը Սուրբ Սոֆիա է ընդունում, ոչ թե Այա Սոֆիա», – եզրափակեց նա։

No comments: