Saturday, October 23, 2010

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵՑՆԵԼ, ՈՐ ԵՐԱԶԵԼԸ ՎՆԱՍ ՉԷ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԴԱՐՁԵԼ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ», 23-10-2010 - Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից «մեծ սխալ կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից»: Միջազգային հարաբերությունների մասնագետների սիմպոզիումում ելույթ ունենալով` նման գնահատական է հնչեցրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը :
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, իր ելույթում Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը «միանշանակորեն կգնահատվի որպես ագրեսիա»: Դժվար է հասկանալ Մամեդյարովի ամտրամաբանական «տրամաբանությունը», հատկապես, որ, ըստ նրա, «Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի մաս է»: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իր դիրքորոշումն արտահայտի Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման առնչությամբ», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովն իր ելույթում անդրադարձել է նաեւ այս ամիս տեղի ունեցած ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությանը, հույս հայտնելով, թե վերջինս «օբյեկտիվ կարտացոլի տեսածը»: Մամեդյարովի ցանկությամբ, զեկույցում պետք է տեղ գտնեն այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել փաստահավաք վերջին առաքելությունից հետո, որն իրականացվել է 2005-ին:
Չնայած երեկ արդեն հայտնի էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին եռակողմ հանդիպում կունենան Աստրախանում, Մամեդյարովն, իր հերթին, այս տեղեկությանն ավելացրել է, թե ներկա դրությամբ քննարկման փուլում է ԵԱՀԿ Աստանայում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը: Ընդ որում, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, ներկայումս քննարկվում է Աստանայում կազմակերպելիք հանդիպման ձեւաչափը, որն էլ թերեւս կդառնա քննարկման առարկա, երբ նոյեմբերի սկզբին տարածաշրջան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները:
Այդուհանդերձ, Մամեդյարովը պատասխանել է նաեւ այն լուրերին, թե Աստանայում կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել: «Խոսք անգամ չկա Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում ինչ-որ փաստաթղթի, «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին: Բոլորն էլ դա ցանկանում են, որ մենք ինչ-որ «ճամապարհային քարտեզ» որոշենք, ավարտենք դրա պատրաստումն ու ինչ-որ առաջընթաց գրանցենք: Բայց մենք դեռ չենք սկսել աշխատել որեւէ փաստաթղթի վրա», հայտարարել է Մամեդյարովը:
Ադրբեջանական կողմի բնավ էլ ոչ նորություն հանդիսացող գնահատականները ԼՂՀ-ի հարակից տարածքների, դրանց ծագան, բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման մասին հստակորեն ներքին լսարանին ուղղված խոսքեր են, որոնցից որեւէ կերպ զերծ չի մնում ադրբեջանական վերնախավի ոչ մի ելույթ: Ամեն դեպքում, Մամեդյարովը հայտարարել է, թե կարգավորման ներկա ընթացքը տանում է դեպի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում», եւ դա այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ կյանքն այլեւս երբեք չի կարող դառնալ որեւէ այլ պետության կյանքի մաս:
Մամեդյարովը սիմպոզիումի մասնակիցներին սեփական մեկնաբանությամբ է ներկայացրել նաեւ Մինսկի խմբի գործընթացն ու բանակցությունների ընթացքը, կրկնելով արդեն անեկդոտային հնչեղություն ստացած իր միտքը, թե Հայաստանը դեռ չի պատասխանել մադրիդյան առաջարկներին այն դեպքում, երբ մոտ օրերին ականատես կլինենք եւս մեկ բարձրամակարդակ հանդիպման: Դա բնավ էլ չի վկայում, թե Հայաստանն ինչ-որ տեղ մնացել է ու ինչ-որ բան էլ թողել անպատասխան:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: