Tert.am. 22-10-2010- «Պատերազմի համար տվյալ պահին բաց է կանաչ ճանապարհ, բայց, իհարկե, դա ոչ ոք դիտավորյալ չի հրահրի։ Բայց այն, որ այդ ճանապարհը բաց է, զգում են բոլորը»,- «Սարդարապատ» շարժման այսօրվա միջոցառման ժամանակ ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։Մուրադյանի կարծիքով՝ եթե հայկական կողմը պատերազմ չի ուզում, ապա պետք է վարի զսպելու քաղաքականություն, իսկ դրա համար պետք է պոտենցիալ։ Ըստ նրա՝ զսպման քաղաքականության են դիմում այն պետությունները, որոնք հույս չունեն, որ պատերազմը հաջողությամբ կավարտվի։
«Եթե պատերազմ սկսվի, մենք պետք է այնպիսի վնաս հասցնենք հակառակորդին, որպեսզի պատերազմը անիմաստ դառնա»,- նշեց նա։
Խոսելով այս հարցում համաշխարհային հանրության տեսակետի մասին՝ Մուրադյանը նշեց, որ տառացիորեն բոլոր առաջատար պետություններն ու միջազգային քաղաքական կառույցները իրենցից թոթափում են պատասխանատվությունը։
«Այս մասին ասել է Եվրոպայի խորհուրդը, այս մասին իր ելույթում ակնարկել է Սեմնեբին։ Իհարկե, նա այս մասին ասել է ոչ այնքան հստակ, բայց հասկանալի էր, որ այս հարցում ոչ մի ցանկություն չկա»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջերս նման տեսակետ են հայտնել նաև Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները։
Ինչ վերաբերում է Իրանին, քաղաքագետի կարծիքով, այդ երկիրը վարել է և կվարի չեզոք քաղաքականություն։ «Իրանը իր տեղը պատկերացնում է այդ ամենից դուրս»,- ասաց նա։ Իսկ ԱՄՆ-ն, ըստ քաղաքագետի, շատ հետաքրքիր դիրքորոշում է գրավել։
«Նրանք ազդակներ են ուղարկում. եթե մենք ձեզ ձեռնտու չենք, ինքներդ գլուխ հանեք։ Ասում են՝ եթե դուք Ռուսաստանին եք ընտրել որպես դատավոր, թող նա էլ վարի ղեկը, իսկ մենք կողքից կնայենք»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը անպայման ինչ-որ կերպ կազդի այդ հարցում աշխարհի տեսակետի վրա։
Քաղաքագետի կարծիքով՝ հայկական կողմի շահերի համար սրանից վտանգավոր դիրքորոշում չկա։
«Չգիտեմ՝ արժե՞ այս մասին խոսել, թե ոչ. ադրբեջանցիները վախենում են, նրանք ոչ մի հարցում վստահ չեն»,- ասաց Մուրադյանը։
Ըստ Իգոր Մուրադյանի՝ լոկալ տարածաշրջանային հակամարտությունը կարող է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունները։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է օգտագործվել հարաբերությունների կազմալուծման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ դա միայն ամերկյան սցենար չէ։
Ըստ քաղաքագետի՝ 1950-ականներից հետո Ամերիկան ու Եվրոպան միավորվեցին ինչ-որ կապով, որի նպատակը Թուրքիային զսպելն էր։
«Խոշոր պետությանը զսպել նշանակում է հակասական քայլեր ձեռնարկել, օրինակ, վաճառել նրան ուղղաթիռներ, իսկ մեկ այլ բան՝ ոչ»,- ասաց նա։
Այն հարցին՝ կհանգեցնի՞ արդյոք այդ զսպումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական գործողությունների, Մուրադյանն ասաց. «Այդ պատերազմը աղետ կդառնա»։ Նա նաև կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ պատերազմի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment