Saturday, October 30, 2010

Ո՞Վ Է ՀԱՅԸ

Վերջին օրերին նորից այն հին նվագն է նվագվում, թե ով է «հայը»: Գերմանիայի Համբուրգ քաղաքում մի խումբ Հայաստանի հայ երիտասարդներ Թուրքիայի հայ երիտասարդներին անվանել էին «թուրք», ասելով, թե նրանք հայերեն չեն խոսում: Նշենք, որ նրանք տարբեր համայնքներից հավաքվել էին Համբուրգ միմյանց հետ ֆուտբոլ խաղալու նպատակով, որտեղ էլ ինչ-ինչ պատճառներով գործը ծեծկռտուռի է հասնում ու վիրավորանքի: Այդ կապակցությամբ Գերմանիայում armenienyahoogrups ֆորումում որոշ մարդկանց կողմից ի հայտ եկան տարբեր կարծիքներ, մեծ մասամբ իրարամերժ, յուրաքանչյուրը փորձում է ՀԱՅԻՆ բնորոշել ըստ իր տեսակետի:
Իրոք, ո՞վ է Հայը: Լոսանջելեսի բանտերում 18 հազար քրեական գործով հայ կալանավորնե՞րը, վերջին օրերին ձերբակալված հայկական հսկա մաֆիա՞ն՝ հայի ղեկավարությամբ, Արցախում հայկական պաշտպանության բանակում խաղաղ պայմաններում հայ զինվորին սպանո՞ղը, Հայաստանը թալանո՞ղը, միլիոնավոր արտագաղթի պատճառ հանդիսացո՞ղը, Ալիեվին ԼՂ-ում ներդրումների առաջարկ անո՞ղը, ո՞վ:

Իհարկե, պարզ է, որ դրանք բոլորն էլ հայ են: Ինչո՞ւ մենք ռուսախոս, անգլիախոս, կամ գերմանախոս հայի հետ այդպես չենք վարվում: Ինչո՞ւ հենց Թուրքիայի հայի հետ ենք այդպես վերաբերվում: Եթե դա բխեր պատմական այն իրողությունից, որ թուրքերը հայերի հանդեպ ցեղասպանություն են գործել եւ դրա պատճառով էլ թուրքերեն լեզուն չպետք է գործածել, երեւի թե ինչ որ չափով այդ զգացմունքն ու մոտեցումը հասկանալի լիներ: Բայց, ցավոք, դա այդ պես չէ: Այսինքն խնդրին մոտեցման ձեւն է սխալ: Հային բնորոշման սկզբունքն ու ձեւը դրվում է ոչ թե նրա ազգային պատկանելության ցանկության ու զգացումների, այլ նրա հայերեն խոսելու եւ չխոսելու, կամ, ինչպես շատերի կողմից շեշտվում է, առաքելական եկեղեցուն պատկանելու եւ չպատկանելու հիման վրա, մոռանալով թեկուզ ասենք հենց միայն կաթոլիկ, կամ ավետարանական եկեղեցիներին դավանող հայերին:

Կամ, մի՞թե հենց այն հայախոս, առաքելական եկեղեցուն պատկանող հայի անհեռատեսությամբ ու թեթեւ ձեռքով փորձ չի արվում Հայաստանում վերացնել հայոց լեզուն՝ օտարալեզու դպրոցների բացման միջոցով: Նա էլ թո՞ւրք չէ, հայ է, բայց հայի այդ տեսակը:

Ինչո՞ւ չենք ուզում ընդունել, որ մենք էլ պարզապես հասարակ ժողովուրդ ենք, ինչպես բոլորը: Ոչ մեկից ոչ ավել, ոչ էլ պակաս, պարզապես սովորական ժողովուրդ՝ իր թերություններով, յուրահատկություններով եւ լավ ու վատ կողմերով: Ինչո՞ւ չենք կարողանում ընդունել ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որ ՀԱՅ ասելով նկատի ունենանք հենց այդ իրողությունն ու դառը ճշմարտությունը, ինչը որ գոյություն ունի ու առկա է: Պետք է գիտակցենք, որ այդ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ փոխելու համար ոչ թե հայհոյանքն ու վիրավորանքն է աշխատող գործոնը, այլ իրար հասկանալու, օգնելու, սովորեցնելու ու սովորելու գործոնն է, որ կաշխատի:

Ազգի բնորոշումն ու ազգի հատկանիշները, իհարկե, տարբեր են անհատի ազգային պատկանելության եւ նրա զգացումներից: Ազգն ունի հատուկ բնորոշում. Պատմություն, լեզու, մշակույթ, կրոն եւ իհարկե իր հայրենի հողը, որի վրա նա բնակվում, ապրում, ստեղծում ու զարգացնում է իր մշակույթը, լեզուն, գիրն ու գրականությունը եւ այլն: Իսկ այդ ազգի պատկանելության զգացումն ունեցող անհատի հատկանիշներն ազգի հատկանիշներին համապատասխանելիությունն իհարկե ցանկալի է, բաց ոչ պարտադիր: Անհատի կողմից տվյալ ազգի պատկանելության զգացումն արդեն բավական է, որ նրան այդ ազգի անդամ, զավակ եւ այլն համարել: Իսկ վիրավորելու եւ պիտակ կպցնելու փոխարեն պետք է հարգել նրա զգացումը, օգնել ու խրախուսել եւ սովորեցնել նրան, որպեսզի նա կարողանա իրեն այդ ազգի հատկանիշներին լիարժեք համապատասխանեցնել:

ԵՐՎԱՆԴ ԽՈՍՐՈՎՅԱՆ
Գերմանիա

No comments: