Sunday, October 31, 2010

Անցնում ենք ձմեռային ժամանակի. ի՞նչ օգուտներ և վնասներ կան դրանից

Tert.am. 30-10-2010- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի` 2010թ. հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 3:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ հետ:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ընդունված է ասել, որ անցնում ենք ձմեռային ժամանակի, սակայն դա կոռեկտ բնորոշում չէ, քանի որ ժամասլաքի փոփոխությունները կատարվում են ամռանը (անցում ամառային ժամանակին), իսկ ձմռանը վերադառնում ենք նորմալ գոտիական ժամանակին: Հիշեցնենք, որ ամառային ժամանակին անցումը կատարվում է մարտի վերջին կիրակի օրը: Ամառային ժամանակը կիրառվում է էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով: Առաջին անգամ օգտագործվել է Մեծ Բրիտանիայում 1908թ.: Ներկայում 76 երկիր այս կամ այն ձևով օգտվում է ամառային ժամանակից, դրանցից 10-ում այն պարտադիր է տարածքի միայն մի մասի նկատմամբ:
Ամառային ժամանակից օգտվում են ԱՄՆ-ում, Կանադայում, համարյա ողջ Եվրոպայում, Ռուսաստանում: Սակայն 128 երկիր դրա կարիքը չի զգում: Ամառային ժամանակից հրաժարվել են հասարակածին մոտ գտնվող երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Չինաստանը, Սինգապուրը, Էստոնիան և Կենտրոնական Ասիայի պետությունները:
Ամառային ժամանակի կողմնակիցները պնդում են, որ մարդը բնական ձգտում ունի արթնանալ լուսաբացին, որպեսզի առավելագույնս օգտագործի օրվա լուսավոր ժամանակահատվածը: Դա հնարավորություն է տալիս նաև զգալի էլեկտրաէներգիա տնտեսել, քանի որ մարդու ֆիզիոլոգիական ակտիվության շրջանը համընկնում է լուսավոր ժամերի հետ:
Սակայն ամառային ժամանակի կիրառումն ունի բազմաթիվ հակառակորդներ: Քննադատներն ասում են, որ ժամասլաքների փոփոխությունը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա, իսկ տնտեսական օգուտն ապացուցված չէ:
Ղազախստանը, օրինակ, 2005թ. հրաժարվեց ամառային ժամանակի օգտագործումից, քանի որ դրա հետևանքով ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, աճում են արտադրական տրավմատիզմի դեպքերը:
Մարդկանց վրա հատկապես բացասաբար է անդրադառնում ժամասլաքի ձմեռային փոփոխությունը: Հոգեբանները զգայուն մարդկանց խորհուրդ են տալիս սթրեսներից խուսափելու համար փոխել օրվա ռեժիմը՝ ավելի վաղ քնել, չընթրել և երեկոյան 6-ից հետո չօգտագործել թունդ խմիչքներ: Առաջարկվում է նաև ժամասլաքի փոփոխությունն իրականացնել ոչ թե շաբաթ, այլ ուրբաթ գիշերը, որպեսզի մարդիկ հասցնեն հարմարվել:

No comments: