Saturday, October 30, 2010

Ադոլֆ Էրդողանը և Գյուլ Պաչինոն՝ թուրքական ընդդիմության ցուցահանդեսում

Tert.am. 30-10-2010- Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կենտրոնական գրասենյակում բացվել է ցուցահանդես, որտեղ ծիծաղաշարժ նկարներով ներկայացված են թուրքական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Աբդուլլահ Գյուլի և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, վարչապետի Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ` «ԱԶԿ-ի տառապյալները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված մոնտաժված նկարներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մարմնավորել են» հոլիվուդյան հայտնի ֆիլմերի հերոսներին: Սակայն ամենաուշագրավը, թերևս, Էրդողանի` Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի տեսքով պատկերն է: Բացի այդ, լուսանկարներից մեկը ներկայացնում է Էրդողանի հայտնի արցունքները, որը ԺՀԿ-ն համեմատել է կոկորդիլոսի արցունքների հետ:
Ցուցահանդեսում տեղ են գտել նաև Թուրքիայի վարչապետի կնոջ` Էմինե Էրդողանի, փոխվարչապետ Բյուլենթ Արընչի, ԱԶԿ-ի փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուի, ինչպես նաև Աբդուլլահ Գյուլի գործարար որդու լուսանկարները:

No comments: