Tuesday, October 19, 2010

«Ժամանակ». Nabucco–ն կարող է նույնիսկ Հայաստանով անցնել, միայն թե լուծենք Ղարաբաղյան խնդիրը

Թերթի զրուցակիցն է Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի (TURKSAM) նախագահ Սինան Օգանը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

-Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը կավարտվի 2012 թվականին։ Թուրքիայի իշխանությունները մատնանշում են՝ «հարևանների հետ զրո խնդիրներ» բանաձևը, մոտավորապես երկու տարի առաջ Թուրքիայի իշխանությունները խոսեցին Անվտանգության և կայունության պլատֆորմի ստեղծման մասին։ Սակայն ստացվում է, որ Հայաստանը շարունակում է մեկուսացվել։ Թուրքիայի կողմից այս հակասական քայլերն ինչպե՞ս կբացատրեք։

-Ինչ վերաբերում է Կովկասյան պլատֆորմին, ապա դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը խոսեց այդ մասին՝ ես ասացի, որ այդ պլատֆորմը չի կարող կյանքի կոչվել, քանի որ չկային դրա հիմքերը՝ տարբեր կողմեր էին, տարբեր շահեր, այժմ այս պլատֆորմի մասին ոչ ոք չի էլ հիշում։ Իսկ ինչ վերաբերում է «հարևանների հետ զրո խնդիրներ» սկզբունքին, այո, Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, բայց եթե զրո խնդիրը մի հարևանի հետ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ այլ հարևանի հետ, որին մենք համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցը, այդ դեպքում մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ, այսինքն՝ եթե մենք Հայաստանի հետ զրո խնդիր ունենանք, բայց ստանանք բազմաթիվ խնդիրներ Ադրբեջանի հետ՝ իհարկե դա մեզ պետք չէ։ Այսինքն՝ ոչ մի հակասական բան չկա Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների մեջ՝ Թուրքիան ցանկանում է, որպեսզի բոլոր գործընթացները զուգահեռ ընթանան՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այլն։ Եթե երկու գործընթացները զուգահեռ ընթանան, կարծում եմ՝ հնարավոր է և՛ արձանագրությունները կյանքի կոչել, և՛ երկաթուղին կարող ենք Հայաստանով անցկացնել։ Մենք պատրաստվում ենք նաև Nabucco նախագծին, և նույնիսկ Nabucco–ն կարող է Հայաստանով անցնել, եթե երկու գործընթացները՝ ԼՂ խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան, այսինքն՝ պետք է տարածաշրջանային խնդիրները, որոնք միմյանց սերտորեն կապված են՝ միասին լուծել։

No comments: