Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբվել էին թեմակալ առաջնորդներ և միաբաններ` շնորհավորելու Նորին Սրբությանը և աղոթք առաքելու առ Բարձրյալ Տերը` ազգընտիր Հայոց Հայրապետի կենաց արևշատության ու քաջեռանդ հովվապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:
Մինչ մաղթանքի արարողությունը պատարագիչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Մայր Աթոռի միաբանության անունից երախտագիտության և շնորհավորանքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը: «Սուրբ Էջմիածինն իր գահակալով այն մշտաբուխ, կենսատու աղբյուրն է հայության, որ բխեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոս: Փառք ու գոհություն անենակարող և նախախնամող Աստծուն: Փառք, որ մեզ դարձրեց իր ժողովուրդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթասաց խնդրանքով Քրիստոս Իր էջքով և աստվածային փառքով լուսակերտեց Հայոց երկիրը, Արարատյան դաշտում գտնվող վաղարշապատյան Սուրբ Էջմիածինը: Այստեղից է Մայր Աթոռի հոգևոր իշխանությունը ձգվում-տարածվում բոլոր այն վայրերը, աշխարհի այն կողմերը, ուր կան հայածին, լուսավորչական ժողովուրդ և հոգևորականներ: Անկախ իրենց դիրքից և աստիճանից բոլորն անխտիր կապված են Սուրբ Էջմիածնի Աթոռին և նրա գահակալ Հայրապետների իշխանությանը, ովքեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաջորդներն են: Նրանց անխախտ և անվերապահ իշխանությունն է հայի աղոթքի տները հաստատել, բարեկարգել, կանոնական սահմաններում պահել, պակասը վերացրել» - իր խոսքում նշեց պատարագիչ Սրբազանը:
Մաղթանքի արարողության ավարտին ներկա ժողովրդին և եկեղեցականաց դասին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
No comments:
Post a Comment