Friday, November 19, 2010

ԾԽՈՂ ԿԱՆԱՆՑ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ 1/3-ՈՎ ՇԱՏ ԵՆ

«ԱԶԳ», 19-11-2010 - Հղիության ժամանակ ծխող կանայք մեծ հավանականությամբ կարող են ծնել հանցավոր հակումներով զավակներ, եզրակացրել են Հարվարդի (ԱՄՆ) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են բրիտանական մամուլում:
Հարվարդի Հանրային առողջության դպրոցի գիտնականների տվյալներով, ծխող կանանց զավակների շրջանում հակահասարակական վարքագծի եւ քրեական հակումների հավանականությունը 31 տոկոսով ավելի է մյուս կանանց զավակների համեմատությամբ: Խոսքը հղիության ժամանակ օրական 20 եւ ավելի գլանակ ծխողների մասին է: Հետազոտության արդյունքները հիմնված են 1959-1966 թթ. 3700 կանանց հարցումներից ստացված տվյալների, ինչպես նաեւ 30 տարի անց նրանց զավակների վերաբերյալ հավաքված տեղեկությունների վրա:
Պարզվել է, որ հղիության ժամանակ ծխած կանանց զավակների մեջ քրեական հանցագործները շատ են չծխողների զավակների համեմատությամբ: Արդյունքները միատեսակ ենՙ անկախ ծնված երեխայի սեռից:
Յորքի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Պիկետը կարծում է, որ ամերիկացի գիտնականների տվյալները միանգամայն անաչառ եւ համոզիչ են: Քրեական հետքը նկատվում է հավասարապեսՙ անկախ հարցման ենթարկված ընտանիքների սոցիալական դրությունից կամ ֆինանսական բարօրությունից:

No comments: