Tuesday, November 16, 2010

«ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻՆ

«ԱԶԳ», 16-11-2010 - Այսօր Եվրոխորհրդարանում պաշտոնական արարողությամբ Թուրքիայի պետնախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշին կհանձնվի «Կրոնական ազատությունների» մրցանակը: Այդ մասին, թուրքական ANCA գործակալության վկայությամբ, հայտարարել է Կ. Պոլսո Հույն ուղղափառ տիեզերական պատրիարքարանին ենթակա Նյու Յորքի «Սուրբ Անդրեաս առաքյալի միաբանությունը», որն, ի դեպ, սահմանել է այս մրցանակը:
Հայտարարության մեջ նշվել է, որ միաբանությունը նախարար Բաղըշին պարգեւատրելու միջոցով ողջունում է Թուրքիայում կրոնական ազատությունների եւ մարդու իրավունքների բարելավմանն ուղղված այն քայլերը, որոնք ձեռնարկում է երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Էգեմեն Բաղըշն, ըստ հայտարարության, մրցանակին է արժանացել Թուրքիայի կրոնական փոքրամասնություններին ի նպաստ գործադրած անձնուրաց ջանքերի եւ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների միջեւ կատարած կամրջի դերի համար:
Ըստ թուրքական գործակալության, «Սուրբ Անդրեաս առաքյալ միաբանությունը» նախարար Բաղըշին պարգեւատրելուց զատ, նոյեմբերի 16-17-ին Բրյուսելում նմանապես Եվրոխորհրդարանի շենքում կկազմակերպի «Կրոնական ազատություններ. կամուրջ Թուրքիայի հետ Եվրոմիության միջեւ» թեմայով համաժողով, որին, բացի նախարարից, կմասնակցեն դիվանագետներ, գիտնականներ, իրավապաշտպաններ եւ կրոնական տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Համաժողովում որպես գլխավոր զեկուցող հանդես կգա Հույն ուղղափառ եկեղեցու ամերիկյան թեմի առաջնորդ Դեմետրիոս արքեպիսկոպոսը, պետնախարար Բաղըշը, ինչպես նաեւ Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանը, ալավիների ֆեդերացիայի գլխավոր նախագահ Դողան Բերմեքն ու բազմաթիվ այլ զեկուցողներ Թուրքիայից:

No comments: