Tert.am. 30-11-2010- «ՌԴ ՊՆ 2008թ. մայիսի տվյալների համաձայն՝ Թուրքիան եղել է Վրաստանին սպառազինություն և ընդհանրապես ռազմական օգնություն տրամադրած երկրների հնգյակում։ Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ բաց աղբյուրների տեղեկատվության հիման վրա կարելի է փաստել, որ Թուրքիայից Վրաստանին տրամադրվող ռազմական օգնության ծավալները գերազանցում են 55 մլն. դոլարը»,– այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանովը։Ըստ փորձագետի՝ Թուրքիան Վրաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու իր պատճառներն ունի։ «Բնավ Թուրքիան Վրաստանի սիրուն աչերի համար չէ այդ երկրին այդքան գումարներ տրամադրում։ Այստեղ ավելի շուտ օգնությունը պայմանավորված է Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներով, քանի որ Թուրքիան ձգտում է ամեն կերպ Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան առանցքը ուժեղացնել և Վրաստանում հնարավորինս շատ բնագավառներ թուրքացնել»,– ասաց նա։
Վլադիմիր Իվանովը նշեց, որ, օրինակ, Վրաստանի առևտրաշրջանառության մեջ Թուրքիան առաջին տեղում է, և ցանկանում է ներգրավվածություն ունենալ նաև ռազմական բնագավառում, օրինակ, կազմակերպելով վրացի սպաների ուսուցումը՝ նպատակ ունենալով «դրանով, ինչու չէ, նաև թուրքամետ վրացական սպայակույտ ձևավորել»։
Վրաց–թուրքական ռազմական համագործակցության վտանգները Հայաստանի համար, Վլադիմիր Իվանովն այսպես ներկայացրեց. «Քանի որ շատ վրացի սպաներ վերապատրաստման կուրսեր են անցնում Թուրքիայում, դրանով իսկ նրանք որոշ չափով դառնում են թուրքամետ, կամ թուրքական շաբլոնների, թուրքական մեթոդների կիրառման երկրպագու։ Ինչ–որ չափով դրանով նրանք ապահովում են թուրքական լոբբին Վրաստանում, որը ինչ–որ չափով,կարծում եմ, հետագայում կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment