Monday, November 8, 2010

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐՎԻ՞ ԿԵՂՏԻՑ

«Լրագիր» 8-11-2010- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի(ՀՌԱՀ) կապուղիների մրցույթին մրցելու են Ա1+ եւ Արմնյուզ հեռուստաընկերությունները: Թեեւ այսօր հրավիրված ասուլիսին Ա1+-ի հիմնադիր Մելտեքս ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հետ հրավիրված էր նաեւ Արմնյուզի տնօրենը, սակայն վերջինս հրաժարվել էր ներկայանալ: Անդրադառնալով սպասվող մրցույթից Ա1+-ի սպասելիքներին, Մեսրոպ Մովսիսյանը նշել է, որ ինքը գոհ չէ մրցույթից երկու պատճառով. նախ` ստեղծված չեն հավասար պայմաններ, եւ երկրորդ` Արմնյուզը մրցույթին ներկայացրել է մի փաթեթ, որը շատ նման էր հեքիաթի: Ըստ նրա`այն, ինչ ներկայացնում է Արմնյուզը, բոլորը գիտեն, սակայն չեն բարձրաձայնում. «Սա Եվրանյուզին տրված վերահեռարձակման կապուղի է, որն ինչ-որ ժամեր հատկացնում է Արմնյուզին, որն աշխատում է Արմենիայի տեխնիկական բազայով եւ Արմենիայի աշխատակազմով», ասել է Մերոպ Մովսիսյանը:

Նրա խոսքով` սա բավական լուրջ խախտում է, եւ իր համար զարմանալի է, որ Ամալյանի գլխավորած հանձնաժողովը դրա վրա ուշադրություն չի դարձնում, ընդհակառակը, մեծ տեղ է տալիս: Մեսրոպ Մովսիսյանին հուզում են խախտումները, որոնք ապացուցում են, որ կա քաղաքական որոշում կապուղի նորից չտրամադրել, ինչն էլ իր հերթին նշանակում է նորից վերադարձ դատարան, նորից վերադարձ սանկցիաների:

Մեսրոպ Մովսիսյանը նշել է, որ ՀՌԱՀ-ին ընդհանրապես չի հուզում խոսքի ազատության խնդիրը Հայաստանում, հույսը դրել են նրա վրա, որ անժխտելիության մթնոլորտ է, մյուս կողմից էլ 12 եւ 13 թվականներին շատ լուրջ իրադրություն է ստեղծվելու` կապված ընտրությունների հետ, եւ իշխանության թուլությունը հենց նրա մեջ է, որ միայն կոշտ եւ կոպիտ հրահանգներով կարող է անցկացնել այդ ընտրությունները: Նրա խոսքով` մրցույթը շատ լավ պատրվակ է եւ լավ շանս անցյալի կեղտից մաքրվելու համար:

No comments: