Monday, November 8, 2010

Բացվել է «Իմ փոքրիկ» (www.impoqrik.am) կայքը` հայ ծնողների եւ երեխաների նոր ուղեցույցը

Tert.am. 8-11-2010- «Իմ փոքրիկ». այսպես է կոչվում մի խումբ երիտասարդ նախաձեռնողների կողմից ստեղծված հայալեզու կայքը, որը կոչված է հայ մայրերին, մայրանալ պատրաստվողներին կամ պարզապես երեխաների խնամակալներին, դայակներին, ինչու ոչ` հայրերին իրենց փոքրիկին մեծացնելու դժվարին ճանապարհին ուղղորդող տեղեկատվություն մատուցել:
Նորաստեղծ կայքում կարող եք գտնել հղիության մանրամասներից մինչեւ երեխայի առողջությանը, հայրենասիրությանը, հավատքին, ժամանցին ու նորաձեւությանն առնչվող հետաքրքիր նյութեր, խաղեր, երգեր ու բանաստեղծություններ:
«Իմ փոքրիկի» թղթակիցները հայ ծնողներին կհասցնեն հայտնի մանկաբույժների խորհուրդները, թե ինչպես առողջ եւ բարեկիրթ մանկիկ մեծացնել: Ընթերցողների հետ իրենց փորձը կկիսեն նաեւ փորձառու եւ վաստակաշատ մայրիկներն ու հայրիկները:
Կայքում ինֆորմացիան մատուցված է ութ բաժիններով`«Հղիություն», «Փոքրիկիս առողջությունը», «Փոքրիկիս ժամանցը», «Փոքրիկիս դաստիարակությունը», «Փոքրիկիս հավատքը», «Փոքրիկիս կրթությունը», «Փոքրիկիս նորաձեւությունը», «Փոքրիկիս հայրենիքը», «Փոքրիկիս լուրերը»:
«Իմ փոքրիկի» նախաձեռնողները նշում են, որ իրենց հիմնական նպատակներից է նորելուկ սերնդի ժամանցն ապահովել հայկական ժողովրդական հեքիաթներով, հայկական արտադրության մուլտֆիլմերով, հայրենաճանաչողությունը եւ քրիստոնյայի ոգին զարգացնող նյութերով:
Երեխայի հայրենաճանաչողությունը կապահովի «Փոքրիկիս հայրենիքը» բաժինը, որտեղ կարող եք գտնել Հայկական դրոշի, զինանշանի, օրհներգի պատմությունից մինչեւ հայոց մայրաքաղաքների, թագավորների մասին պատմող մանկահասու տեղեկատվություն: Հոգեւոր դաստիարակությունն էլ կապահովի «Փոքրիկիս հավատքը» բաժինը, որը հնարավորություն կտա մայրիկներին երեխաներին մատչելի լեզվով ներկայացնել Աստվածաշունչը, դաստիարակել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ հայ քաղաքացի:
«Իմ փոքրիկ»-ն ունի նաեւ «Ֆոտոալբոմ» բաժինը, որտեղ մայրիկները կարող են տեղադրել իրենց բալիկների լուսանկարները, միմյանց հետ քննարկել երեխայի դաստիարակության եւ խնամքի առավել գործուն մեթոդները: Պարբերաբար կհայտարարվի նաեւ լավագույն լուսանկարների մրցույթ` ամենատարբեր խորագրերով:
Կայքի նախաձեռնողները նշում են, որ առաջիկայում կայքի այցելուները հնարավորություն կունենան նաեւ էլեկտրոնային աղյուսակի միջոցով հետեւել իրենց երեխայի հասակի եւ քաշի նորմային, օն-լայն ռեժիմով ոլորտի առաջատար մասնագետներից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պատրաստման փուլում է նաեւ «Խաղեր» բաժինը, որտեղ ծնողները կգտնեն իրենց երեխայի ազատ ժամանակը լրացնելու կամ պարզապես կամակորությունը կանխելու արդյունավետ միջոցներ: Այս բաժնում կներկայացվեն խաղեր, որոնք կոչված են զարգացնելու երեխայի մտածողությունը, տրամաբանությունը, օգնելու ավելի հեշտ ճանաչել եւ յուրացնել շրջակա աշխարհը, ինչպես նաեւ մանուկ հասակից ճանաչել հայրենիքը` իր ողջ գրավչությամբ:

No comments: