Wikileaks կայքը հրապարակել է տարբեր աստիճանի գաղտնիության ավելի քան 250 հազար ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր: Դրանցում անդրադարձ կա նաեւ Հայաստանին, ԼՂ խնդրին: Մասնավորապես, հրապարակվել է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ղեկավարությանն ուղարկված բավական կոշտ նամակը, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են անգամ պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չկասեցնի իր տարածքով զենքի փոխադրումը Իրան: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի հետ զրուցեցինք այդ թեմայով:-Ինչպես կմեկնաբանեք այդ նամակը, ըստ որի` ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին, եւ ԱՄՆ պաշտոնյաներն իրենց նամակներում քննարկում են ՀՀ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:
-Երեւույթն ինքնին անհեթեթություն է. ինչ է նշանակում գաղտնի փաստաթուղթ, ինչ է նշանակում փաստաթղթի բացահայտում եւ ինչ է նշանակում լրատվական պատերազմական գործողություններ: ՀՀ արտաքին քաղաքականությունը շատ հստակ ու թափանցիկ է եղել բոլոր երկրների` թե ԱՄՆ-ի, թե ՌԴ-ի, թե Իրանի հետ: Որեւէ խնդրահարույց քաղաքականություն ՀՀ-ն այս տարիների ընթացքում չի իրականացրել:
-Ձեզ համար ի՞նչն է անհավատալի` այդ փաստաթղթերի գոյությո՞ւնը, բովանդակությո՞ւնը:
-Նման փաստաթղթեր գոյություն ունենալ չեն կարող:
-Բայց ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է եւ չի հերքել այդ փաստաթղթերի գոյությունը, այլ ընդամենն ասել է, որ կարող են խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Իսկ հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները:
-Բայց չի էլ հաստատել: Ուստի` դա չի նշանակում, որ նման փաստաթուղթ գոյություն ունի: Հակառակ դեպքում ցույց կտային հենց փաստաթուղթը, քանի որ կա արդեն բացահայտված փաստաթուղթ:
-Բայց ամերիկացիներն ասում են, որ դրանք գաղտնիք են պարունակում, ուստի` չեն կարող պաշտոնապես ցույց տալ բուն փաստաթուղթը:
-Գաղտնիության խնդիրը դուրս է եկել արդեն: Այսքանից հետո եթե նման փաստաթուղթ եղել է, կարող են բացահայտել: Իսկ ես կրկնեմ, որ որեւէ խնդրահարույց քաղաքականություն ՀՀ-ն չի իրականացրել: Այդ փաստաթղթի գոյության մասին լուրերը հորինածին են:
-Այդ դեպքում` ինչպե՞ս հասկանանք այս ամենը, մանավանդ, որ միայն ՀՀ-ի մասին չի խոսք գնում:
-Ինֆորմացիոն պատերազմները, ինֆորմացիոն նմանատիպ հարձակումները բնորոշ են 21-րդ դարին: Կարող ենք համբերել մի փոքր ու կտեսնենք` թե ինչի համար էր այս ամենը:
-Ձեր կարծիքով, ովքեր էին կանգնած այդ ինֆորմացիոն պատերազմի թիկունքում:
-Կարող ենք մի փոքր համբերել ու տեսնել: Դա այնքան բացահայտ կլինի, որ պետք չի գուշակություններ անել:
-Իսկ առաջիկայում Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ կապ ունի՞ այս ամենը:
-Ես ուղղակի կապ չեմ տեսնում այստեղ:
-Իսկ անուղղակի կա՞պ:
-Անուղղակի այնքան կապեր կարող են լինել…. Ուղղակի որեւէ կապ չեմ տեսնում:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 30-11-2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment