Tert.am. 29-11-2010- Հայաստանում տուրիզմի ոլորտում աշխատող կադրերի 95 տոկոսից ավելին չունի համապատասխան մասնագիտական կրթություն։ Այս մասին այսօր լրագրողների հատ հանդիպման ժամանակ ահազանգեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ նշելով, որ տուրիզմը գերակա ճյուղ հռչակած Հայաստանը չի կարող առանց համապատասխան մասնագետների ոլորտի աճ ապահովել։ Նա հիշեցրեց, որ համապատասխան հայեցակարգով ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030թ. Հայաստան ժամանող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 3 մլն-ի, ներքին զբոսաշրջիկների թիվը՝ 1.5 մլն-ի, իսկ քնատեղերի թիվը՝ 51 հազարի։ Սակայն դա հնարավոր չէ իրականացնել՝ առանց համապատասխան պայմանների ապահովման։«Այսօր ոլորտում պատահական մարդիկ են աշխատում, ովքեր չունեն մասնագիտական կրթություն, միլիոններ են ներդնում ու հյուրանոցներ կառուցում, բայց մենք տեսնում են, որ սպասարկումը բարձր մակարդակի վրա չէ։ Թեև մեր ազգը հյուրընկալ, հյուրասեր ու ջերմ է, սակայն սպասարկման ոլորտում մենք դա չենք տեսնում»,- արձանագրեց մասնագետը։
«Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանի խոսքով՝ թեև ոլորտում տարեցտարի աճ է գրանցվում, սակայն Հայաստանը հետ է մնում հարևան երկրներից։ «Մենք գլուխ ենք գովում, որ տարեկան 15-20 տոկոս աճ ունենք, սակայն տուրիզմը գերակա ուղղություն համարող երկրների համար դա ծիծաղելի ցուցանիշ է։ Մեր հարևան երկրների թվում կան երկրներ, որոնք տարեկան 200-300 տոկոս ոլորտի աճ են ապահովում»,- նշեց նա։
Սահակյանը դժգոհեց Հայաստանում զբոսաշրջիկների հաշվառման կարգից։ Ըստ նրա՝ պաշտոնական թվերով նախորդ տարի մոտ 680 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, այնինչ արտգործնախարարությունը և ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը 137 հազար մոտքի արտոնագիր են ընդամենը տրամադրել։ «Բոլորս գիտենք, որ 680 հազարի թվում, ովքեր մուտքի արտոնագրի կարիք չունեն, նրանք ՀՀ քաղաքացիներն են, ովքեր հիմա բնակվում են Ռուսաստանում և Եվրոպայում։ Երկրորդը, որ շատ լուրջ թիվ է կազմում, միջազգային բեռնափոխադրող ընկերությունների վարորդներն են ու նրանց ուղեկցողները։
Օրական հարյուրավոր բեռնատար մեքենաներ են մուտք գործում Հայաստան, բոլորը հաշվառվում են որպես զբոսաշրջիկներ»,- ընդգծեց Սահակյանը։ Նրա հաշվարկով՝ «տարեկան միայն 35 հազար զբասաշրջիկ ունենք Պարսկաստանից, ովքեր քնում են իրենց բեռնատարներում»։ Խնդիրը, սակայն, միայն հաշվառումը չէ։ Արկադի Սահակյանի խոսքով՝ խնդիրը Հայաստանի անհյուրընկալ լինելն է։ Նրա կարծիքով՝ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է իրեն տուրիզմի բնագավառում ներգրավված մարդ զգա։ «Երբ օդանավից իջնում ես ու առաջինը տեսնում էն կիսաթրաշ ռուս և հայ սահմանապահներին՝ ուռած աչքերով, տեսնում նրանց հյուընկալությունն ու խոսելաձևը, տուրիստի մոտ միանգամից այս երկրի մասին կարծիք է ձևավորվում։
Փողոցում ոստիկան չես տեսնի, ով կկարողանա անգլերենով զբոսաշրջիկին բացատրել, թե Տերյան կամ Պուշկին փողոցներն իրարից ինչով են տարբերվում։ Կամ մաքսատների աշխատակիցների ու սահմանապահների վերաբերմունքը. ոնց որ իրենց հոր դուքյանում նստած լինեն։ Մի քանի անգամ լսել եմ՝ զբոաշրջիկներին ասում են՝ «էս ջրի ճամփա ե՞ք սարքել» կամ «դուրներդ չի գալիս, գնացեք ձեր երկիր»։ Նման վերաբերմունքով տուրիզմ չի զարգանա»,- նշեց նա։
Մասնագետը նաև կարծում է, որ Հայաստանում ձմեռային տուրիզմի լիարժեք չկայացման պատճառը ավիատոմսերի բարձր գներն են, ձմռանը երկրի՝ զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների անանցանելի լինելը, հյուրանոցների բարձր գները։ Ըստ նրա՝ բարձր գնային քաղաքականության արդյունքում Սևանում հանգստացողների թիվը տարեկան 30 տոկոսով նվազում է։ Մասնագետների կարծիքով՝ նույնը սպառնում է նաև ձմեռային զբոսաշրջային կենտրոն համարվող Ծաղկաձորին, քանի որ Վրաստանն ու Թուրքիան մատչելի գներով ձմեռային տուրիզմ կազմակերպելու ուղղությամբ արդեն աշխատանքներ են տանում։
Բանախոսները դժգոհեցին նաև «Զվարթնոց» օդանավակայանի և ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիա» ավիաընկերության վարած գնային քաղաքականությունից՝ նշելով, որ այս կառույցները ոլորտում մենաշնորհ ունեն և բարձր գնային քաղաքականություն են վարում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment