HayNews.am. 29-11-2010- «Ղարաբաղի պատերազմի վետերաններ հասարակական կազմակերպություն» միությունը ողջունում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի որոշակի ակտիվացման և Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման, հայկական կողմի որդեգրած` խնդրի կարգավորման հիմնական բանակցային սկզբունքներին չհամապատասխանող փաստաթուղթ ընդունվելու հավանականության մասին կարծիքների ֆոնին «Հայ պահեստազորայինների և վետերանների միություն» միջազգային համահայկական հասարակական շարժման անունից օրերս հրապարակված նախաձեռնությունը: Հասարակական շարժման նախաձեռնողները հրապարակայնորոն հայտարարել են հավաքագրման գործընթաց սկսելու, աշխարհի տարբեր կետում պահեստազորայինների և վետերանների հավաքագրման համակարգող կենտրոններ հիմնելու մասին: Այսօր, երբ մեր երկիրը, ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. Վտանգված է հայ ժողովրդի խաղաղ ապագան, կյանքի է կոչվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայորդիներից կազմավորված աշխարհազորային ստորաբաժանումներ ստեղծելու գաղափարը:Հայ ժողովուրդը ռազմատենչ չէ. Մենք դատապարտում ենք պատերազմ հրահրողներին, դեմ ենք նոր արյունահեղությանը: Սակայն վստահ ենք սպառնալիքների, վտանգի դեպքում համայն հայությունը համախմբվելու է, ի ցույց է դնելու իր հզորությունը, իր միասնական բռունցքը: «Ղարաբաղի պատերազմի վետերաններ հասարակական կազմակերպություն» միությունը, իր ամբողջ կազմով և համակիրներով միանում է այդ գաղափարին: Պատրաստ ենք մեր ամբողջ ներուժով և միջոցներով նպաստել միասնականության հաստատմանը: Կոչ ենք անում սթափ դատողության և մտածելակերպի տեր բոլոր հայերին միանալ «Հայ պահեստազորայինների և վետերանների միություն» նախաձեռնությանը: Կոչ ենք անում միանալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արհամարհող ռազմատենչ սուլթանիկների դեմ համախմբվելու այդ գաղափարին նաև ադրբեջանական պետության տարածքում բնակվող, սեփական ինքնության համար պայքարող ազգերին:
Համոզված ենք, որ միայն պատերազմի վերսկսման վտանգի, ռազմատենչ նկրտումների զսպման դեմ համախմբվելու դեպքում կիրականացվի առաջադեմ մարդկության որդեգրած ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, չեն ոտնահարվի խաղաղ բնակչության իրավունքները, կապահովվի հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ամբողջ տարածաշրջանի խաղաղ, անկախ և ազատ զարգացումը, ուժ չի գործադրվի իր ազատության և անկախության համար պայքարող խաղաղ ազգաբնակչության նկատմամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment