Friday, November 26, 2010

Դեմոյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանություն դասավանդել

News.am. 26-11-2010-Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանություն դասավանդել:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության միջեւ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը, որով նախատեսվում է հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների համար Ցեղասպանության մասին պատմող ձեռնարկ մտցնել, հենց սկզբից ճիշտ չընկալվեց, եւ շատերն ինձ մեղադրեցին դպրոցներում «Ցեղասպանություն» առարկա մտցնելու ջանքերի մեջ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեմոյանը, հավելելով, որ «խոսքն ընդամենը միջազգային պրակտիկայում ընդունված ցեղասպանության դասավանդման մասին է»։
«Սա բոլորովին այլ բան է։ Մեր նպատակն այն է, որ չխեղելով դպրոցական երեխայի հոգեբանությունը՝ հոգեբան-մանկավարժների միջոցով կարողանանք ցեղասպանությունների մասին ավելի խորը եւ ճիշտ տեղեկություն տալ նրան։ Մեր խնդիրն այն չէ, որ պատմենք, թե թուրքը եկավ եւ կոտորեց մեզ։ Հարցը նրանում է, որ պետք է փոխվի նյութի մատուցման ձեւը, միլիոնուկես կոտորված ժողովրդի մեջ պետք է երեւան անհատները։ Ընդ որում, մեր համոզմամբ պարտադիր էլ չէ, որպեսզի սա կիսամյակային դասընթաց կամ էլ հատուկ դասագիրք լինի։ Դա կարող է փոքրիկ ձեռնարկ լինել, որը նախատեսված կլինի հասուն եւ թեմայի շուրջ որոշակի գիտելիքներ ու ընկալումներ ունեցող բարձր դասարանցիների համար: 3-4-րդ դասարանցիների համար նախատեսված մեկ այլ ձեռնարկի ստեղծումը հետագայում քննարկվելիք հարց է»,- ասաց Դեմոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ թանգարան-ինստիտուտի տարածքի ընդլայնման աշխատանքներից հետո իրենց՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետներն աշակերտների հետ Ցեղասպանության թեմայով հատուկ դասաժամեր եւ բաց դասեր կկազմակերպեն։ «Փորձի փոխանակման, հատուկ ծրագրերի եւ ուսուցման մեթոդների յուրացման համար այժմ մեր թանգարան-ինստիտուտից երկու մասնագետներ արդեն իսկ գործուղվել են Բուդապեշտի Հոլոքոստի թանգարան։ Ոչինչ չունենալով՝ ամեն ինչ սկսում ենք զրոյից։ Նման ծրագրեր կան Իսրայելում եւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Վերջում նա տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների համար նախատեսված ձեռնարկի ստեղծման շուրջ աշխատանքներ Հայաստանի ԿԳՆ հետ արդեն իսկ տարվում են։ «Սակայն դրա ներդրման մասին վաղ է խոսել։ Ձեռնարկը դպրոցներում կհայտնվի որոշակի փորձաքննություն անցնելուց հետո միայն»,- ամփոփեց Դեմոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳն-ից NEWS.am-ին հայտնել էին, որ նմանօրինակ ծրագրի մասին իրենք տեղյակ չեն եւ առաջին անգամ են լսում։ Դեմոյանն էլ նշել է, որ այդ խնդրի վերաբերյալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ իր պայմանավորվածությունը բանավոր է եղել։

No comments: