Monday, November 8, 2010

Հայ-թուրքական գործընթացը լուռ ընթանում է. Աբդուլլահ Գյուլ

Tert.am. 8-11-2010- Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած գործընթացը լուռ ընթանում է: Այս մասին Լոնդոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ի պատասխան թուրք լրագրողներից մեկի այն հարցին, թե «Լոնդոնում մրցանակ եք ստանալու Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի համար: Սակայն այսօր այդ ասպարեզում զարգացումներ տեղի չեն ունենում: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ», Աբդուլլահ Գյուլը հայտարարել է.
«Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մահացել է, ոչ էլ սառել: Ուղղակի որոշ բաներ անձայն են ընթանում»:
Աբդուլլահ Գյուլը վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող այսպես կոչված «լուռ դիվանագիտության» մասին: Սակայն վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Wall Street Journal-ում հրապարակված իր հոդվածում նշել էր.
«Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որևէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատև գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է`առանց հետագա ձգձգման»:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Լոնդոնում շնորհվելու է Chatham House-ի մրցանակը։ Ամենամյա մրցանակը շնորհվում է այն քաղաքական գործչին, ով Chatham House-ի Միջազգային հարաբերությունների հարցերով թագավորական ինստիտուտի անդամների կարծիքով՝ անցած տարի զգալի ներդրում է ունեցել միջազգային հարաբերությունների զարգացման գործում։

No comments: