Wednesday, November 24, 2010

Հ. Աբրահամյան. Թուրքիան պետք է քաղաքական կամք ու պարկեշտություն ունենա շարունակելու կարգավորման գործընթացը

Panorama.am. 24-11-2010- Եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը նախօրեի երեկոյան մասնակցել է Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստին, որտեղ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահը:
«Մեծարգո պարոն Մահմուդ ալ-Աբրաշ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Շատ ուրախ եմ հյուրընկալվել մի երկրի խորհրդարանում, որը` Սիրիայի երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի խոսքերով, հայերի երկրորդ հայրենիքն է: Այսինքն, ես գտնվում եմ ոչ միայն բարեկամ, այլև հարազատ երկրում:
Հայաստանն ու Սիրիան դեռևս վաղ ժամանակներից են սկսել իրենց ընթացքը պատմության քառուղիներում: Հաճախ են հատվել մեր ժողովուրդների ճանապարհները, նրանց պատմությունը, ճակատագիրը, մշակույթը: Պատմությունը փաստել է, ճակատագիրը` կամեցել, իսկ մշակույթը` համադրել այդ ամենը: Արդյունքը` հայ-սիրիական ամուր բարեկամությունն է, որը, համոզված եմ, շարունակվելու է հավերժ:
Մենք երախտագիտությամբ ենք հիշում մեր պատմության ծանրագույն պահերին սիրիացի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը: Երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետեւանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց իր հողի վրա ապրող եւ արարող հայ ժողովրդի ստվար հատվածը, Սիրիայում փրկություն եւ ապաստան գտան հայության մազապուրծ բեկորները: Այս հյուրընկալ երկրի շնորհիվ նրանք ամրացան, ոտքի կանգնեցին, և այսօր` պահպանելով իրենց ազգային նկարագիրն ու կրոնը, հանդիսանում են Սիրիայի հավատարիմ ու օրինապաշտ քաղաքացիներ և բարեկամության հուսալի կամուրջ մեր երկու երկրների միջև:

1991 թ. Հայաստանի անկախացումից հետո Սիրիան առաջիններից էր, որ ճանաչեց և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: Հայ-սիրիական հարաբերությունները ջերմ են եղել նաև խորհրդային ժամանակներում:

Հայրենադարձության առաջին ալիքներից մեկը 1948 թվականին սկսվեց հենց այս երկրից: Հայաստանում մինչ այսօր էլ ջերմությամբ են հիշում ուղիղ 30 տարի առաջ Սիրիայի լուսահոգի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի այցը Խորհրդային Հայաստան, իր այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրքի մատուցումը անմեղ զոհերի հիշատակին: Այդ հիշողությունները թարմացան, իսկ հարաբերություններն ավելի սերտացան 2009 թվականին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` Հայաստան և 2010 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարած այցերով: Վստահ եմ, որ անկախ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, մենք կարողացանք և այսուհետ ևս ի զորու կլինենք անխաթար պահել մեր հարաբերությունները, ավելի զարգացնել և ամրապնդել, որովհետևայդ են պահանջում մեր երկրների եւ ժողովուրդների շահերը:
Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո` 1992 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունն իր դեսպանությունը հիմնեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Անցած տարիների ընթացքում ձևավորվեց երկկողմ համագործակցության իրավապայմանագրային լայն դաշտ: Այսօր ունենք տասնյակ պայմանագրեր, միջպետական և միջկառավարական ծրագրեր, որոնք ներառում են համագործակցության բազմաթիվ ուղղություններ: Երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերն իրենց դերակատարությունն ունեն հաստատված հարաբերությունների սերտացման գործում, սակայն, կարծում եմ, որ միջխորհրդարանական հարաբերություններն աշխուժացնելու և փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա:
Այսօր Հայաստանն ու Սիրիան, ամրապնդելով դարերի ընթացքում ձեռք բերած և ժամանակների փորձություններին պատվով դիմակայած հարաբերությունները, ձգտում են էլ ավելի սերտացնել դրանք` փոխադարձ հարգանքի և փոխվստահության հիման վրա:
Հարգելի բարեկամներ,
Եվ Հայաստանը, և Սիրիան գտնվում են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ մշտապես լարվածություն է նկատվել: Երկու երկրներն էլ բավական ծանրակշիռ գործոններ են, որոնց հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքական օրակարգում մերձավորարևելյան ուղղությունն առաջնահերթություններից մեկն է: Այդ տարածաշրջանում ցանկացած ցնցում և լարվածություն ուղղակի կամ անուղղակի կերպով իր ազդեցությունն է ունենում նաև մեր տարածաշրջանի վրա: Մինչդեռ յուրաքանչյուր պետություն ձգտում և ցանկանում է ապրել հարևանների հետ հաշտ և խաղաղ, զարգացման միտում դրսևորող տարածաշրջանում:
Հենց նման մղումներից ելնելով` անցյալ տարի Հայաստանն ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի պատրաստակամություն հայտնեց կարգավորել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ: Ինչպես գիտեք, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրություն, ըստ որոնց` Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվում էին առանց նախապայմանների բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն ստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիայի իշխանությունները տարբեր մակարդակներով նախ որոշակիորեն քողարկված, ապա բացահայտ սկսեցին նախապայմաններ առաջադրել Հայաստանին` խոչընդոտելով հարաբերությունների կարգավորմանը: Քանի որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը տեղի է ունեցել բարձր միջնորդությամբ, ըստ էության, Թուրքիան նախապայմաններ առաջադրեց ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր նրանց, ովքեր ներկա էին հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը, ովքեր հավատացել էին այդ երկրի ամենաբարձր մակարդակով հնչած հավաստիացումներին:
Ի տարբերություն քաղաքականապես երերուն իր հարևանի, Հայաստանը պատրաստակամ է կատարել ստանձնած պարտավորությունները: Եթե մենք, աչքի առաջ իբրև անհերքելի փաստ ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը, մեր հոգում կրելով այդ ցավը, համաձայնում ենք նախապայմաններ չառաջադրել և հարաբերություններ հաստատել այսօր էլ իր մեղքը չընդունող երկրի հետ` որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդի, իսկ այդ երկիրն ինքն է պայմաններ առաջադրում, ապա այս պարագայում ավելի քան արդարացված ու տեղին էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` ժամանակավորապես առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Թուրքիան պետք է քաղաքական կամք ու պարկեշտություն ունենա շարունակելու կարգավորման գործընթացը, հրաժարվելու նախապայմաններից և վավերացնելու արձանագրություններն իր խորհրդարանում: Միայն այս պարագայում Հայաստանը կվերադառնա արձանագրությունների վավերացմանը, և, ըստ էության, հարաբերությունների կարգավորմանը:
Բայց նշեմ, որ ոչ այդ գործընթացը, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չեն նշանակում, թե Հայաստանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնի այն, չի մասնակցի դրա շուրջ որևէ սակարկության: Ավելին, շարունակելու է հետամուտ լինել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացմանը, հասնելու միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտման, որովհետև նման հանցագործությունների դատապարտումը կանխարգելիչ ուժ կհանդիսանա հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը բացառելու համար:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որպես երկրորդ նախապայման Թուրքիան նշում է ԼՂ հակամարտությունը: Սակայն ի՞նչ կապ ունեն այդ երկու հարցերն իրար հետ և Թուրքիան ինքն այդ խնդրի հետ, երբ նա որևիցե փաստաթղթով երբևէ դրան չի առնչվել, որեւէ միջազգային ատյանում նրան, որպես կողմնակալ երկրի, որևէ դեր չի վերապահվել: Վերջապես, միջազգային տարբեր կառույցներ բազմիցս նշել են, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը և ԼՂ խնդրի կարգավորումը տարբեր և առանձին գործընթացներ են: Իր քայլերով Թուրքիան պարզապես փորձում է աջակցել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և ապակառուցողական քայլերին` դրանով իսկ խոչընդոտելով խնդրի կարգավորմանը:
Հայաստանը կողմ է բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն, անկախ այն բանից, թե դրանք որ տարածաշրջանում են` Կովկասում, Մերձավոր Արևելքում, թե այլուր: Մինչ Հայաստանը մշտապես հայտարարում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և հավատարիմ է իր խոսքին, Ադրբեջանն իր ռազմատենչությամբ և ապակառուցողական քայլերով ձախողում է կարգավորման գործընթացը և խաթարում կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մանավանդ որ երբևէ չի էլ եղել: ԼՂՀ-ն վաղուց արդեն իր կայացած պետական ինստիտուտներով և կառույցներով ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված ու կայացած պետություն է, ինչում դե ֆակտո համոզված է նաեւ միջազգային հանրությունը: Իսկ դե ֆակտո-ից դե յուրե, կարծում եմ, թեպետ դժվար և երկար, բայցեւայնպես, հաղթահարելի ճանապարհ է:

Պատմությունը փաստում է, որ ատելությունն ու չարակամությունը երբեք չեն կարող որևէ երկրի կամ ժողովրդի լավ բան ու վստահելի ապագա բերել, չեն կարող մարդկության համար առաջընթաց ապահովել: Դեռևս 10-րդ դարում դա հասկացել են մեր երկու ժողովուրդների իմաստունները` Սիրիայի և ողջ արաբ ժողովրդի մեծ բանաստեղծ ու մտածող Աբու ալ-Ալա ալ-Մահարին և հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Ապրելով գրեթե նույն դարաշրջանում` նրանք խորիմաստ կերպով խոսել ու գրել են արդարության, մարդկային հոգու վեհության ու հանդուրժողականության մասին: Այդ ամենն արդիական են նաև այսօր, երբ աշխարհում հանդուրժողականության պակաս կա, ինչից տուժում են ժողովուրդներ և երկրներ: Իսկ Սիրիան բարյացկամության ու հանդուրժողականության, կրոնական երկխոսության ու քաղաքակրթությունների համադրման փայլուն օրինակ է, ինչում մեծ է երկրի իշխանությունների, լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադի և Սիրիայի այսօրվա առաջնորդ մեծարգո Բաշար ալ-Ասադի վաստակը:
Մաղթում եմ, որ մեր երկու ժողովուրդների ընթացքը պատմության մեջ լինի անընդհատ և վերընթաց: Թող մեզ մշտապես ուղեկից լինեն խաղաղությունը, արդարությունն ու լավատեսությունը»:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են նաև, որ օրվա վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել Սիրիայի առաջատար հեռուստաընկերություններին:

No comments: