Tuesday, November 30, 2010

ԱՍՏԱՆԱՆ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է

«Լրագիր» 30-11-2010 - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի որոշումները` չմասնակցել ԵԱՀԿ Աստանայի Վեհաժողովին, կարծես թե զգալիորեն նվազեցնում են Վեհաժողովի այսպես ասած պատմականությունը: Բանն այն է, որ Աստանայի Վեհաժողովը տեղի է ունենալու մեծ ընդմիջումից հետո, քանի որ ԵԱՀԿ վերջին Վեհաժողովը 11 տարի առաջ էր եւ տեղի ունեցավ Ստամբուլում: Այդ իսկ պատճառով մեծ էր սպասելիքը, որ ԵԱՀԿ անդամ պետությունները, հատկապես նրանք, ովքեր առաջատար են այդ կառույցում, կփորձեն անել հնարավորը, որպեսզի նշանավորեն 11-ամյա ընդմիջումից հետո տեղի ունեցող Վեհաժողովը:
Այդ համատեքստում էլ առկա էր սպասելիք եւ կանխատեսում, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ էլ ԵԱՀԿ-ն կփորձի որոշակի բեկումնային իրողություններ արձանագրել, ինչում հատկապես շահագրգռված կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բայց համանախագահ երեք երկրներից երկուսի նախագահները` Օբաման եւ Սարկոզին, հրաժարվում են մասնակցել ԵԱՀԿ Վեհաժողովին, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ եթե այն ունենալու էր պատմական նշանակություն կամ այդպիսի մի բան, ապա հազիվ թե ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները բաց թողնեին դրա անմիջական մասնակից լինելու հնարավորությունը: Ավելին, հատկապես ԱՄՆ նախագահի մասով կարծես թե միարժեք է, որ Օբամայի բացակայությունը որոշակիորեն նաեւ նվազեցնում է Վեհաժողովի հանդեպ հետաքրքրությունը:

Այդպիսով, շատ հավանական է, որ մասնավորապես Ղարաբաղի հարցում այն “բեկումը”, որ կանխատեսվում էր, հետաձգվում է: Գրեթե անկասկած է, որ այս անգամ էլ այն հետաձգվում է Մինսկի խմբի համանախագահների միջեւ եղած հակասությունների պատճառով, քանի որ եթե այդպիսիք չլինեն, ապա հազիվ թե Հայաստանը կամ Ադրբեջանն ի զորու լինեն իրենց ներկայիս վիճակով դիվանագիտական լուրջ դիմադրություն ցույց տալ ԱՄՆ-Ֆրանսիա-ՌԴ եռյակի ճնշմանը, անգամ եթե ունենան ինչ որ դաշնակիցներ:

Բայց այդ ամենի մեջ կա մի նրբերանգ: Բանն այն է, որ Հայաստանում, Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ դիտարկումները չափվում են այդ “բեկում” հասկացությամբ. տեղի կունենա՞ բեկում, թե չի ունենա, ունեցա՞վ, թե չունեցավ, իշխանության ասա՞ծը եղավ, թե ընդդիմության: Այդ բեւեռացված ընկալումները պետք է փոխվեն, եւ Ղարաբաղի հարցի շուրջ հայաստանյան դիտարկումները պետք է ոչ թե կառուցվեն այն մտայնությունների եւ սպասումների վրա, թե ինչ բեկում է լինելու կամ չի լինելու այս կամ այն քաղաքում, այս կամ այն ֆորմատով, այլ պետք է հարցը լինի այն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ղարաբաղի հարցի կարգավորումը տեղի է ունենում Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, եւ կախված է այդ տարածքներում գոյություն ունեցող կյանքի որակից: Կյանքի իրական որակից, ոչ թե ուռա-հայրենասիրական կարգախոսներից եւ գերժամանակակից ելույթներից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: