Saturday, November 20, 2010

Ռուսաստանը պաշտպանում է ստատուս քվոն. Ալեքսանդր Իսկանդարյան

Աստանայի հանդիպմանն ընդառաջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնցից մեկն էլ աստրախանյան հանդիպումն էր։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին «Կապիտալը» զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

-Պարոն Իսկանդարյան, ի՞նչ վիճակում է բանակցային գործընթացն այս պահին, և այս համատեքստում ի՞նչ էր իրենից ներկայացնում աստրախանյան հանդիպումը։
-Ղարաբաղյան հակամարտությունը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը միմյանց հետ կապ ունեցող, սակայն տարբեր բաներ են։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում բուն հակամարտությունում, և այն, ինչ տեղի է ունենում բանակցային գործընթացում, նույն բանը չեն։ Կարգավորման բանակցային գործընթացն ունի սեփական տրամաբանությունը, և այդ տրամաբանությունը կարող է տարբերվել ու տարբերվում է բուն ղարաբաղյան հակամարտությունից։ Այս ամենի ամենահասկանալի, ամենացայտուն օրինակն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարևորագույն երկիրը հենց Ղարաբաղն է, և առանց նրա համաձայնության՝ այդ գործընթացը որևէ կերպ չի կարող ընթանալ։
Իսկ հակամարտության կարգավորման բանակցային առկա գործընթացում ֆորմալ առումով Ղարաբաղն առհասարակ չկա։ Այս ամենից էլ կարելի է հասկանալ, թե այս երկու գործընթացները որքան հստակ են տարանջատված։ Կարգավորման բանակցային գործընթացում կան կողմեր, որոնք ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնք ի դեպ արգելակում են այդ կարգավորումը, այլև ԱՄՆ-ն է, Ֆրանսիան է, որի թիկունքում Եվրոպան է, Ռուսաստանն է, Թուրքիան, որը հանդես է գալիս Ադրբեջանի թիկունքից: Գործընթացում կա նաև Իրանը։
Կարգավորման բանակցային գործընթացի վրա նշված երկրներից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է ունենում։ Ինչ վերաբերում է աստրախանյան հանդիպմանը, ապա այն առաջինը չէր, այն սկսվեց մայնդորֆյան հանդիպումից և շարունակվում է։ Բնականաբար, այն որևէ բան կտրուկ չփոխեց և առավել ևս չազդեց բուն հակամարտության վրա։ Սակայն աստրախանյան հանդիպումը բանակցային գործընթացի մաս է, իսկ ավելի հստակ՝ բանակցային գործընթացի շրջանակում Ռուսաստանի ակտիվացման մաս։
Ընդ որում՝ պետք է նշել, որ Ռուսաստանի այս ակտիվացումը չի հակասում Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների շահերին։ Այս հանդիպումներում տեսանելի է պարզ արտահայտված նոտա. Ռուսաստանը, որպես գործիք օգտագործելով կարգավորման բանակցային գործընթացը, պաշտպանում է ստատուս քվոն։ Կարևոր է նաև նշել, որ Ռուսաստանի այս քայլը չի խոչընդոտվում մյուս համանախագահող երկրների կողմից։ Ամբողջ այս հայտարարությունները, այս հանդիպումներն արվում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լուռ հավանության ներքո։ Սա համաձայնեցված դիրքորոշում է։

-Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք պաշտպանել ստատուս քվոն։
-Ռուսաստանին դա ձեռնտու է։ Ռուս-վրացական պատերազմից բառացիորեն մի քանի օր հետո Ռուսաստանը սկսեց հայտարարել, թե «այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, բացառություն էր, և մենք հակամարտությունների լուծման գործում չենք ընդունում այն որպես ունիվերսալ սկզբունք, այնտեղ մենք ստիպված էինք անել այն, ինչ արեցինք, և մենք պատրաստ ենք շարունակել մեր կառուցողական աշխատանքները»։
Թե որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, այս պահին կարևոր չէ։ Սակայն Ռուսաստանն այդ պատերազմից հետո սկսեց ցուցադրել կառուցողական աշխատանք։ Այն, ինչ Ռուսաստանն ասում և անում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերվելիս՝ սկսած հայ-ռուսական ռազմավարական պայմանագրից, վերջացրած Ադրբեջանից գազ գնելով, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը երկու կողմին էլ ասում է՝ երեխաներ, եկե՛ք համերաշխ ապրենք, եկե՛ք պահպանենք ստատուս քվոն։

-Կարելի՞ է ենթադրել, որ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք հանդիպումը և Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, այնուհետև Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու տեղավորվում են Ձեր ասած կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ։
-Ինչ-որ իմաստով, իհարկե, կարելի է, քանի որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ նախագահների հանդիպումը տեղի չի ունենալու միայն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով, սակայն այն, որ դա այդ նույն շղթայի շարունակությունն է, պարզ է։ Ի՞նչ խաղ կլինի Աստանայում, ինձ քիչ թե շատ հայտնի է։ Կստացվի՞ այն, թե՞ ոչ, դա ինձ համար մի քիչ հարցական է, սակայն, կրկնում եմ, ինձ համար ակնհայտ է, թե ինչ են ցանկանում նրանք այնտեղ անել։ Այսօր տեղի է ունենում լուրջ պատրաստություն՝ Աստանայի հանդիպմանն ընդառաջ, և այդ պատրաստման մեջ հսկայական է Ռուսաստանի դերակատարությունը։ Նախագահների հանդիպումները Մեդվեդևի հետ խոսում են հենց այդ պատրաստությունների մասին։

-Ի՞նչ կարելի է սպասել Աստանայից։
-Կլինի հայտարարություն՝ սկսած բանավոր հայտարարությունից, վերջացրած ստորագրված փաստաթղթով։ Հնարավոր է, որ այդ ստորագրված փաստաթուղթն ունենա տարբեր ձևաչափեր, սակայն այդ բոլոր հայտարարությունների իմաստը կլինի այն, որ երկու երկրների նախագահներն էլ կհաստատեն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Իհարկե, Ալիևն ազատ ժամանակ անընդմեջ հայտարարում է, որ Ադրբեջանը հարցը լուծելու է ռազմական ճանապարհով, սակայն ժամանակ առ ժամանակ նրան ստիպում են հայտարարել, որ խաղաղ բանակցությունները շարունակվում են։ Այս ամենը գործիքներ են:
Մինսկի խմբի հայտարարություններին, որ արվեց դարձյալ մեկ կարևոր քայլ, որ բոլոր հարցերը գրեթե լուծված են և մնացել է փոքրիկ անհարթություն, որ կլինի ճանապարհային քարտեզ, որ սա կլինի, նա կլինի և այլն, նույնպես պետք է վերաբերվել որպես բանակցային գործընթացի գործիքների։ Լավատեսությունը դիվանագետների աշխատանքային գործիքն է, և նրանց հայտարարություններն ունեն բացարձակապես քաղաքական բնույթ։
Քաղաքական գործիչների խնդիրը ոչ թե իրավիճակի վերլուծությունն է, այլ ինչ-որ նպատակների հասնելը, և որպեսզի հասնեն այդ նպատակներին, նրանք ժամանակ առ ժամանակ ստիպում են պետությունների նախագահներին կատարել համապատասխան հայտարարություններ։ Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները միջազգային հանրությունն ընդունում է՝ ասելով. «Մենք հասկանում ենք, որ դու պարտված երկրի նախագահ ես, որ Ադրբեջանում կա ներքին սպառման համար հայտարարություններ կատարելու անհրաժեշտություն։ Սակայն մենք հասկանում ենք նաև, որ դու պետք է ասես այլ բան ևս, որպեսզի մենք հանկարծ չմտածենք, որ դու լուրջ ես ասում։
Դու դա պետք է անես, որպեսզի այս դիրքորոշումը, որն այս պահին կա, պահպանվի»։ Այս իմաստով համանման իրավիճակ է նաև Հայաստանում։ Միջազգային հանրությունը Հայաստանին ասում է, որ իրենք հասկանում են մեր դիրքորոշումը, սակայն մենք նույնպես պետք է հետևեք խաղի որոշակի կանոնների։ Ահա այս ամենը տեղի է ունենում և՛ առհասարակ, և՛ Աստանայից առաջ։ Այսինքն՝ կարծում եմ, որ կողմերին կստիպեն ևս մեկ անգամ հայտարարել, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով։ Ինչպե՞ս կստիպեն, ի՞նչ ձևաչափով և ի՞նչ ճանապարհով՝ չեմ կարող ասել։

-Դուք ասացիք, որ Մինսկի խմբին ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը։ Որքանո՞վ է այն ձեռնտու հայկական կողմին։
-Ստատուս քվոն իրական հնարավորություն է։ Ես չեմ ասում, որ ստատուս քվոն 100-տոկոսանոց հնարավորությունն է, սակայն պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական հեռանկար չկա, ինչպես նաև չկա հարցի լուծման քաղաքական հեռանկար՝ պատերազմի ճանապարհով։
Կա այս պահին ստեղծված իրավիճակի պահպանման հնարավորություն, որի շրջանակում գոյություն ունի այն ամենը, ինչ քննարկվում է՝ սկսած կողմերից մեկի՝ Հայաստանի կամ Ադրբեջանի բանակցային գործընթացից դուրս գալուց, վերջացրած Ղարաբաղի ճանաչման հնարավորությունից։ Սակայն այս ամենը չի բերելու իրավիճակի փոփոխության։ Հետևաբար՝ ստատուս քվոն ոչ լավ է, ոչ վատ։ Ստատուս քվոն այն է, ինչն իրականում ունենք։
Այսինքն՝ ինձ համար կա այս պահին տուն հասնելու չորս հնարավորություն. գնալ մեքենայով, քանի որ ես ունեմ մեքենա, գնալ տաքսիով, քանի որ ես ունեմ 1000 դրամ, տուն գնալ երթուղայինով, քանի որ ափսոսել եմ 1000 դրամը, կամ տուն հասնել ոտքով, քանի որ ես փող չունեմ։ Օդում թռչելու կամ գետնի տակով փորելով տուն հասնելու հնարավորություն ես չունեմ։ Հետևաբար՝ ստատուս քվոն այն է, որ մենք ունենք և որը դեռ շատ երկար ունենալու ենք, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տիպաբանորեն պատկանում է կիպրոսյան, քաշմիրյան, թայվանական հակամարտության խմբին, որոնք չեն լուծվում՝ ստանալով ՄԱԿ-ի կողմից ճանաչում, և միևնույն ժամանակ չեն լուծվում պատերազմի ճանապարհով։

No comments: