Saturday, November 20, 2010

Թուրքիայում վերջին տարիներին հարյուրավոր ծպտյալ հայեր վերադառնում են իրենց ինքնությանը. Radikal HayNews.am. 20-11-2010- «Թուրքիայում շարունակում է աճել իրենց հայկական ինքնությանը

վերադարձողների թիվը»,-իր հոդվածում գրում է թուրքական Radikal պարբերականը:
«Բոլորը մեզ քուրդ մուսուլման էին համարում: Հայրս ու մայրս հավատացյալ մարդիկ էին: 12 տարեկան հասակում մեր բակի երեխաներն սկսեցին ինձ «գյավուր» (անհավատ-HayNews.am) անվանել: Մորս հարցրեցի, թե ինչու են ինձ նման բան ասում, և նա պատասխանեց, որ մենք հայ ենք: Դպրոցում ինձ սովորեցնում էին, որ «հայերը մարդ են կոտորել»: Հայ լինելու համար անընդհատ լացում էի: Տարիներով չէի կողմնորոշվում՝ ինչ անել: Եվ ի վերջո որոշեցի իմ նախնյաց կրոնին վերադառնալ: 17 տարի առաջ քրիստոնեություն ընդունեցի և մինչ այժմ քրիստոնյա եմ»,-այսպես է պատմում իր դարձի մասին 37-ամյա հայ ոսկերիչ Յուսուֆ Յըլմազը:
Յըլմազը միակ օրինակ չէ, գրում է թուրքական թերթը և հավելում, որ անանուն մնալ բարձրաստիճան մի պաշտոնյայի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Թուրքիայում զգալի ավելացել է դարձի եկող հայերի թիվը:
«Վերջին 4 տարիների ընթացքում Պոլսո պատրիարքություն և այլ հայկական եկեղեցիներ դիմողները հաշվվում են հարյուրավորներով: Վերջիններս վերադառնում են իրենց կրոնին և ինքնությանը: Հատկապես ուշադրություն է գրավում երկրի արևելքում ապրող մարդկանց քրիստոնյա դառնալու դեպքերի մեծ քանակը»,-նշում է նույն աղբյուրը և մի դեպք պատմում, թե ինչպես է Պոլսում բնակվող ազգայնականությամբ հայտնի մի փաստաբան 5 տարի առաջ միամիտ իմացել իր հայ լինելու մասին: Վերջինս բարդ դրության մեջ է հայտնվել, քանի որ հայտնի է եղել իր ազգայնականությամբ: Սակայն նա էլ մի քանի տարի անց փոխել է իր կրոնը , մկրտվել ու դարձել քրիստոնյա հայ:
Գեդիքփաշայի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղաբաօղլուն էլ իր հերթին Radikal-ին հայտնել է, որ Թուրքիայի արևելյան նահանգներում բնակվում են 1 մլն հայեր, ովքեր չեն ուզում կամ վախենում են բացահայտել իրենց ինքնությունը: «Սակայն վերջին տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ավելի շատ ծպտյալ հայեր բացահայտում են իրենց ինքնությունը, մկրտվում ու հայկական անուններ վերցնում: Այնուամենայնիվ, Թուրքիայի արևելյան շրջաններում ավելի բարդ է դարձի գալը, այստեղ մեծ են մուսուլմանների ճնշումները դարձի եկած քրիստոնյաների նկատմամբ: Որոշ դեպքերում դարձի եկածները նաև իրենց ընտանիքների, ազգականների կողմից են հալածանքների ենթարկվում»,-նշում է հայ բողոքական հոգևորականը:
Radikal-ը նաև ներկայացնում է ազգային ինքնության վերականգնման ճանապարհը: Արմատներին վերադառնալ ցանկացողները նախ դիմում եմ պետությանը, որպեսզի պաշտոնական փաստաթղթերում փոխեն իրենց կրոնական պատկանելության դիմաց գրված «մուսուլման» բառը «քրիստոնյա» բառով, ապա դիմում են եկեղեցուն: Եկեղեցին էլ իր հերթին մկրտում է նրանց, և նրանք վերադառնում են իրենց արմատներին:

No comments: