Tuesday, November 2, 2010

Արցախի կառավարությունը որոշել է Աղդամը վերանվանել Ակնա

Արցախի կառավարության որոշմամբ Աղդամը վերանվանվել է Ակնա և դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը: Արցախի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանն ասել է, որ այդ որոշման նպատակն է կարգավորել Աղդամում ապրող բնակիչներին հողահատկացումների գործընթացը և այլ կենցաղային հարցեր, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
«Քանի որ կարգավիճակ առայժմ տրված չէ Աղդամին, այն որպես թաղամաս` Ակնա թաղամաս, մտնում է Ասկերանի քաղաքային համայնքի մեջ», - ասել է Նասիբյանը:
Արցախի կառավարության տվյալներով` Աղդամում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Ըստ ռ/կ-ի, Աղդամը, ի տարբերություն շրջակայքում գտնվող գյուղերի, կառավարության կողմից իրականացվող վերաբնակեցման ծրագրերում ընդգրկված չէ: Բնակիչները մատնանշել են հատկապես ջրի և հոսանքի բացակայությունը:
Սերգեյ Նասիբյանն ասել է, որ միգուցե հետագայում, երբ Աղդամը բնակավայրի կարգավիճակ ստանա, ինչ-որ ծրագրեր կիրականացվեն, սակայն առայժմ պլաններ չկան:
«Իհարկե, հետագայում երևի, որ արդեն կարգավիճակը տանք, կասենք, որ այսինչ բնակավայրերը մենք վերաբնակեցնում ենք, վերաազատագրել ենք և վերաբնակեցնում ենք մեր բնակիչներին: Ընդհանրապես, իրողություններից ելնելով` մարդիկ մնալու են թե չէ, նրանց կարծիքը իմանալով, կարելի է նաև կարգավիճակ տալ առանձին` որպես բնակավայր», - նշել է Արցախի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետը:

No comments: