«Լրագիր» 19-11-2010- Բաքվում ավարտվեց Մերձկասպյան 5 երկրների վեհաժողովը, եւ կողմերն այդպես էլ չկիսեցին ծովը, որն Իրանն անվանում է Մազանդարան: Իրանը հավակնում է Կասպից ծովի կեսին, պնդելով, որ այն կիսված էր ԽՍՀՄ եւ Իրանի միջեւ: Մերձկասպյան մյուս երկրները` նախկին խորհրդային հանրապետություններ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը եւ Ղազախստանը, պնդում են, որ ծովը պետք է բաժանել 5 հավասար մասերի: Ճշտված չէ նաեւ Կասպիցի կարգավիճակը` ծո՞վ, թե լիճ, ինչն էլ ենթադրում է տարածքային ջրերի բաժանման տարբեր մոտեցումներ: Իրանական Tabnak պորտալը, որ պատկանում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար Մոհսին Ռեզային, մերձկասպյան երկրներն անվանել է Իրանի թշնամիներ: “Եթե մերձափնյա երկրները չեն ընդունում համաձայնությունները, ապա Իրանը պետք է տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին, չնայած Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերին, որոնցով Ադրբեջանի հյուսիսային մասն անցավ Ռուսական կայսրությանը, հարավայինը` Պարսկաստանին”, գրում է պորտալը:
Եթե կատարվի Իրանի պահանջը, այս երկրի տարածքային ջրերը կհասնեն Բաքվի ծոցին: 5 երկրների վեհաժողովն ընդունեց հերթապահ հայտարարություն, որում նշվում էր բանակցությունները Կասպիցի կարգավիճակի վերաբերյալ շարունակելու մտադրությունը:
Արեւմտյան փորձագետները պնդում են, որ կասպիցի անորոշ կարգավիճակը ձեռնտու է Իրանին ու Ռուսաստանին, որոնք խոչընդոտում են խողովակաշարերի անցկացմանը, որոնցով ադրբեջանական ու թուրքմենական գազը կարող էր հասնել Եվրոպա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment