Անանիա Շիրակացու անվան ճեմարան էր այցելել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Սոս Սարգսյանը, որին ճեմարանի սաները բազմաթիվ հարցեր ուղղեցին: Մինչ զրույցի սկիզբը ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ճեմարանականների համար ընթերցեց Սոս Սարգսյանի խոսքերը. ՙՄեծ հույսեր եմ կապում ձեզ հետ, երեխաներ ջան, մեր ուզածով պետք է լինի. ինձ հուզում է մեր երկրի ճակատագիրը եւ դրանից բխող հազար հարցեր. ի՞նչ կլինի, ո՞ւր կգնանք, ճի՞շտ ենք անում: Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է: Հորս վերջին խոսքերն էր. ՙՏղա, Ղարաբաղի հարցը ո՞նց պետք է լուծվի…՚:Ճեմարանականների հետ զրույցում մեծ արտիստն ասաց. ՙԲավական տեղեկություններ ստացա ձեր մասին, հոգումս լավ զգացի, որ մեր երկրում կան այսպիսի երեխաներ, այսպիսի լուրջ մոտեցում դաստիարակության հարցում: Իրոք, մեզ պետք են կիրթ քաղաքացիներ, ազնիվ, բարոյական մարդիկ պետության ստեղծման համար, որպեսզի դառնանք հասուն, ունակ երկրի տեր՚:
Ճեմարանականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին վարպետը պատասխանում էր անկեղծ, անմիջական, երբեմն նաեւ կատակելով:
Հանդիպման վերջում Ճեմարանի տնօրենության խորհրդի որոշմամբ Սոս Սարգսյանը պարգեւատրվեց Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի բարձրագույն պարգեւով` ՙԱնբասիր ծառայությունների համար՚ մեդալով ՙիր տաղանդի հզոր ուժով կերտած անկրկնելի կերպարներով , սերունդների հումանիստական եւ հայրենասիրական դաստիարակությանը էապես նպաստելու, իր դերասանական անկրկնելի արվեստով հայկական կինոն եւ թատրոնը որակական նոր բարձունքների հասցնելու համար՚:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment