Wednesday, November 17, 2010

Հայաստանում ոչ մի շնաձուկ չպատժվեց, որբերի կյանքում ոչինչ չփոխվեց. Անահիտ Բախշյան

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ կոռուպցիայի խնդրին՝ նկատելով, որ «կոռուպցիայի շղթան, որը տասնյակ և ավելի տարիներ քաղցկեղի մետաստազների նման քայքայում է մեր պետության շատ խարխուլ հիմքերը»:
«Վերահսկիչ պալատի հաշվետվությունից բերված փաստերը խոսում են մանկատների շրջանավարտների և առանց խնամքի մնացած երեխաների ճակատագրերի նկատմամբ պետական մակարդակով հանցավոր անտարբերության մասին: Սա մեր կառավարության դեմքն է, նկարագիրը:
Մասնավորապես, հաշվետվության մեջ արձանագրված է, որ նշված ծրագրերից առաջինով 2007-2009թ.թ. ընթացքում պետական բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 178,5 մլն դրամ, որից միայն բնակարանների ձեռք բերման համար` 921.5 մլն դրամ (145 բնակարանի հաշվարկով), որից 01.08.2009 թ. դրությամբ ձեռք է բերվել 32 բնակարան` 224.8 մլն դրամ արժողությամբ, այսինքն՝ իրացվել է ամբողջ գումարի ընդամենը 24.4%-ը»,- ընդգծեց Բախշյանը։
Ըստ նրա՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրով 2007-2009թթ. ընթացքում նախատեսվել է 333.5 մլն դրամ, որի դիմաց 56-ի փոխարեն ձեռք է բերվել ընդամենը 8 բնակարան` 49.7 մլն դրամ արժողությամբ։ Այսինքն՝ իրացվել է ամբողջ գումարի 15%-ը:
«Այսպիսով, 2007-2009թթ. ընթացքում երկու ծրագրերի շրջանակներում պետք է գնվեր և բնակեցվեր 201 բնակարան, որի համար պետբյուջեով նախատեսված է եղել 1.512.2 մլն դրամ, մինչդեռ փաստացի ձեռք է բերվել 40 բնակարան, որի համար ծախսվել է ընդամենը 274.5 մլն դրամ կամ ծրագիրը կատարվել է 20%-ով:
Հաշվետվության մեջ առկա են փաստեր, լուսանկարներ, որոնք վկայում են գնված բնակարաններում մարդուն անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության մասին: Այսինքն, նույնիսկ ծախսված 20%-ը՝ 274.5 մլն դրամ, չի ծառայում աշխարհում ամենաթանկ բանից` ընտանեկան ջերմությունից զրկված երիտասարդներին: Այս բացահայտումները եղան, սակայն ոչ մի շնաձուկ չպատժվեց, որբերի կյանքում ոչինչ չփոխվեց։ Ավելին՝ 2010 - 2011թ.թ. պետական բյուջեով ոչինչ չի նախատեսված առ 2009թ. հուլիսի 1-ը ՀՀ-ում հաշվառված դեռևս 269 անօթևան շրջանավարտների համար:
Իսկ 2008-2009 թ.թ. բյուջետային միջոցներով, որն է 1.047.2 մլն դրամ, ոչ մի բնակարան չի գնվել: Այսինքն՝ այս գումարը պետությունը «խնայել է» որբերի հաշվին, իսկ մեր կարծիքով՝ դեռ պարտք է նրանց: Եվ քանի որ 2011 թվականի բյուջեով կառավարությունը սոցիալապես և հոգեպես ամենածանր վիճակում գտնվող այս խավի համար ոչինչ չի նախատեսել, ապա «Ժառանգությունն» առաջարկել է այդ գումարը հատկացնել 2011 թ. պետբյուջեով»,- հայտարարեց Բախշյանը։

No comments: