Monday, November 22, 2010

Քարթլոսական ու հայոսական կրքեր Եվրատեսիլում

7Or.am. 22-11-2010- Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում առաջին անգամ հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող՝ ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ իր հեղինակած «Մամա» երգով: Նա ամենավերջին րոպեին ընդամենը մեկ միավորով առաջ անցավ Ռուսաստանի մասնակցից։ Սակայն այդ մեկ միավորը ոչ թե պատահականություն էր (ՀՀ-ն ներկայացնող մասնակցին գրեթե բոլոր երկրներն էլ բարձ միավորներ տվեցին), այլ ցավալի մի փաստ՝ հայ-վրացական «բարեկամական» հարաբերությունների ենթատեքստում։ Բոլորի համար անսպասելի' այս մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հայաշատ Վրաստանը Հայաստանին ընդամենը 3 միավոր տվեց։ Հակառակ պարագայում հենց Վրաստանի՛ց ստացված ձայները մեր երկրի հաղթանակի համար կարող էին վճռորոշ լինել, 2-րդ տեղի միջև տարբերությունն էլ՝ ոչ թե 1, այլ առնվազն 9 միավոր։
Բացատրության տարբերակները 3-ն են՝ կա՛մ վրացիներին դուր չի եկել մեր երգը, ինչը բացառվում է (վառ ապացույցն էլ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակն է), կա՛մ վրացահայերը բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը, ինչը նույնպես բացառվում է (քանի որ նույնիսկ հայ-թրքական մերձեցման օրերին, երբ ողջ սփյուռքահայությունն ընդվզեց ըննդեմ Սերժ Սարգսյանի նախաձեռնության ու չքվեարկեց Ինգա և Անուշ Արշակյանների օգտին, Վրաստանից նրանք բարձր միավոր ստացան), կա՛մ էլ սա Վրաստանի բարձրաստիճան իշխանությունների վերաբերմունքն է։
Նույնիսկ այսպիսի անմեղ մրցույթում է երևում, թե քարթլոսներն ինչիպիսի «ջերմ» զգացմունքներ են տածում իրենց եղբայր հայոսների հանդեպ։ Եվ սա ընդամենը մեր հանդեպ վարվող այն քաղաքականության փոքրիկ արտացոլանքն է, որն իրականացնում է Վրաստանը։
Բնականաբար, մանկական մրցույթում մեր երկրին բարձ միավոր չտալուց շատ ավելի մտահոգիչ են վրացական իշխանությունների կողմից հատկապես Ջավախքում հայկական դպրոցների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, ջավախահայ ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվող ճնշումները, նույնիսկ հայատառ որևէ գիրք Հայաստանից Վրաստանի սահմանն անցկացնել չթույլատրելը և այլն։
Իրավիճակն անգամ հասել է նրան, որ վրացական իշխանությունները Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին մոտ 2 տարի է, ինչ հայտարարել են «persona non grata» և մինչ օրս թույլ չեն տալիս այցելել իր հարազատ ծննդավայր, իսկ տասնամյակներ շարունակ Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան դպրոցում դասավանդող նրա ծնողներն էլ ազատվել են աշխատանքից։
Ավելին, Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեն հայտարարեց, թե Շիրակ Թորոսյանի մուտք գործելն արգելելու հարցում բաժանում է իր կառավարության կարծիքը։ Ի դեպ, Թորոսյանը իշխող ՀՀԿ խմբակցության անդամ է և նրա հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը նաև իշխանությանն է ուղղված։
Եվ սա՛ էլ դեռ ամենը չէ։ Վերջերս «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղեկատվություն տարածեց, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին վրացական կողմը արգելել է մուտք գործել Ախալքալաք և Բավրայի սահմանային անցակետից նրան փաստացի պատանդի կարգավիճակում տեղափոխել են Թբիլիսի: «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ հայտարարել էր, թե Ա. Քարամյանին Թբիլիսիի ռեստորաններ հրավիրելով՝ վրաց պաշտոնյաները հասկացրել են, որ Ջավախքում իրենք են, և առանց իրենց հարցնելու՝ մյուս անգամ չփորձի «քիթը խոթել» այնտեղի մշակութային կամ երիտասարդական գործերի մեջ:
Ճիշտ է, հետո Ա. Քարամյանը պնդում էր, թե ոչ միայն եղել է Ջավախքում, ոչ միայն վրացիներն իրեն շատ լավ են ընդունել, այլև ռեստորանում իր վրաց պաշտոնակցի հետ խմել է հայ-վրացական բարեկամության համար, Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առողջության, հաջողության համար։ Ա. Քարամյանը նույնիսկ խոստացել էր մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել ջավախքյան իր լուսանկարները, սակայն մինչ օրս այդպես էլ չի ուղարկել։
Իր հակահայ հայտարարություններով վրաց գործիչներից ոչնչով չի տարբերվում ազգությամբ հայ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական, «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր և Վրաստանի բոլոր նախագահների օրոք նրանց գովերգող Վան Բայբուրդը։ Ինչպե՞ս կարելի է չհիշել, որ նա զրպարտանք և վիրավորանք որակեց Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակին, հայաթափությանը և այն վրացական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված լինելուն վերաբերող՝ Շ. Թորոսյանի հայտարարությունները։ Ինչ վերաբերում է Բավրայի տարածքում վրացի սահմանապահների կողմից հայկական հողեր մտնելուն, Վ. Բայբուրդն ասել է.
-Մի թիզ հող չի վերցրել Վրաստանը։ Վրաստանը խնդրել էր մտնել չեզոք գոտու տարածքներ միայն փաստաթղթով։ Բայց հայերն ասեցին՝ ո՞նց թե, մեր հողի վրա մեզ նման բան է ասվում, և խնդիր ստեղծեցին։
Իսկ վերջերս Ջավախքում՝ Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք նոր միջպետական մայրուղու բացման ժամանակ էլ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, թե դա Վրաստանի միավորմա՛ն ճանապարհ է՝ ուղի, որ իրենց տանում է դեպի Վրաստանի միավորումը: Նորաբաց ճանապարհի շնորհիվ նախկին 8 ժամի փոխարեն այժմ Թբիլիսիից Ջավախք հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում։ Իհարկե լավ է, որ ճանապարհ է կառուցվել, բայց այդ ամենի ենթատեքստում եթե վրացիները միավորվելու գաղափար են տեսնում, դրանով ի ցույց են դնում իրենց հետին մտքերն ու անվստահությունը հայերի նկատմամբ։
Արժե հիշել նաև, որ Միխայիլ Սահակաշվիլին խոսում է Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու մասին։
Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանություններն այս ամենին ի պատասխան։ Միխայիլ Սահակաշվիլիին Սերժ Սարգսյանը օտարերկրյա քաղաքացիներին տրվող՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևով՝ Պատվո շքանշանով է պարգևատրում։ Իր իսկ խմբակցության պատգամավորին Վրաստան մուտք գործել արգելելու, ինչպես նաև ողջ ջավախահայության հարցը պաշտոնական հանդիպումներում շարունակ չի բարձրացվում (նույնիսկ Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չկար Ջավախքի հարցը), ինչպես ամեն տարի, 2011թ. պետական բյուջեով նույնպես 10 մլն դրամ է տրամադրվելու նույն այդ Վան Բայբուրդի «Վրաստան» թերթին։ Եվ սա այն դեպքում, երբ 2011թ. բյուջեում, օրինակ, Ջավախքի հայկական դպրոցների վերանորոգման համար հատկացումներ նախատեսված չեն։
-«Վրաստանը» միակ հայատառ թերթն է աշխարհում, որ արդարացնում է վրաց իշխանությունների դատավճիռը Վահագն Չախալյանի նկատմամբ։ Միակ հայատառ թերթն է աշխարհում, որ արդարացնում է վրաց իշխանությունների հայատյաց քաղաքականությունը Ջավախքում,-իր հերթին հայտարարել է Շիրակ Թորոսյանը՝ առաջարկելով չֆինանսավորել այդ թերթը։-Ես պնդում եմ, որ այդ թերթը միայն հայատառ է, բայց ինքն իսկապես հայապահպանությանը և հայկական ծրագրերին երբեք չի նպաստում, եթե ոչ հակառակը։
Իսկ եթե եվրատեսիլյան օրինակով խոսենք, ապա «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանը Վրաստանին, ինչպես միշտ, 8 միավոր տվեց, բայց փոխարենը գրեթե բան չստացավ։ Նույն վիճակն է նաև միջպետական հարաբերություններում։
Գոնե տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտությունից հետո մեր իշխանությունները հասկանան, որ ոչ թե պետք է «նախաձեռնող» լինել (նույնն է թե՝ զիջող), այլ նախահարձակ։ Խոսքը, իհարկե, պատերազմական գործողություններ սկսելու մասին չէ։ Առնվազն չպետք է հանդուրժել, որ Վրաստանը Հայաստանի և Ջավախքի նկատմամբ սպիտակ պատերազմ իրականացնի։
Արեգ Մուրադյան

No comments: