WikiLeaks-ի նյութերը “զարմացրել են” Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին: “Այս տեղեկությունների սփռման եւ Աստանայի վեհաժողովի համընկնումը հարցեր է առաջացնում միջազգային հանրության մոտ”, ասել է նա:
Իսկ նոյեմբերի 29-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին նիստին Իլհամ Ալիեւը նշել է. “Մենք բանակցություններ ենք վարում մեր հողերն ազատագրելու, միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար”: “Ինչ վերաբերում է ժողովուրդների ինքնորոշմանը, այս հարցը կարող է հաջողությամբ լուծվել տարածքային ամբողջականության սահմաններում: Ադրբեջանական պետությունը երբեք անկախություն չի տա Լեռնային Ղարաբաղին, որը նրա հողն է: Դա անհնար է: Հակառակ կողմը դա գիտե: Հուսով եմ, մենք դրական միտումներ կտեսնենք բանակցության զարգացման մեջ”, հայտարարել է Ալիեւը:
Փաստացի, մինչ ԵԱՀԿ վեհաժողովը Ադրբեջանը նշել է սեփական դիրքորոշումը. Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում քննարկել Ղարաբաղի կարգավիճակը նույնիսկ նախկին ԼՂԻՄ սահմաններում: Եւ բանակցությանը նրա մասնակցության խնդիրը 1988-ի իրողություններին վերադառնալն է, անկախության հռչակման ակտի ու պատերազմի արդյունքների ժխտումը: Այս դեպքում հետաքրքիր է, թե հանուն ինչի է Հայաստանը բանակցություն վարում Ադրբեջանի հետ:
Ակնհայտ է սակայն, որ Ադրբեջանին առաջարկվել է փուլային լուծում, որի հետ նա կարող է համաձայնել` հետագա քայլերի ժամանակցույց հաստատելու պայմանով: “Որեւէ կիսատ համաձայնություն չի կարող ապահովել մեր շահերը: Հնարավոր է, այսօր մենք, գնալով ինչ որ զիջման, կարող ենք վերադարձնել գրավված հողերի մի մասը: Սակայն ե՞րբ են վերադարձվելու մնացած հողերը: Այդ պատճառով մենք, իհարկե, դրան պետք է մոտենանք պետականության եւ ռազմավարական ընտրության տեսանկյունից”, ասել է Ալիեւը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment