Tuesday, November 30, 2010

Wikileaks-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

«Լրագիր» 30-11-2010- Օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը փորձել է կապ հաստատել վրացական իշխանությունների հետ, սակայն ապարդյուն: Այս մասին է վկայում Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենիգտոնի` 2008-ի օգոստոսին գրված նամակը, որի տեքստն անցած գիշեր հրապարակվեց Wikileaks կայքում` հայտնվելով նաեւ մի շարք արեւմտյան եւ ռուսական պարբերականներում: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
Նկարագրելով Հայաստանի ղեկավարության շրջանում ռուս-վրացական պատերազմի օրերին տիրող տրամադրություններն` ամերիկացի դիվանագետը գրում է. - «Մասնավոր զրույցների ընթացքում հայ պաշտոնյաներն ավելի ու ավելի նյարդայնացած են այն հանգամանքից, որ Վրաստանի ղեկավարները չեն պատասխանում իրենց հեռախոսազանգերին` ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ արտաքին գործերի նախարարի մակարդակով»:
Ամերիկացի դիվանագետը մանրամասնում է. - «Հայաստանի նախագահի բարձրաստիճան խորհրդականը մեզ հայտնեց, որ նախագահ Սարգսյանը ցանկացել է Մեդվեդեւին եւ Սահակաշվիլիին զանգահարել նույն օրը` կողմնակալության մեղադրանքներից խուսափելու համար: Մեդվեդեւը, ի տարբերություն Սահակաշվիլիի, պատասխանել է Սարգսյանի հեռախոսազանգին, ինչը որոշակի ռուսամետության տպավորություն է ստեղծել:

Սահակաշվիլիի հետ կապ հաստատելու մի շարք փորձերից հետո Սարգսյանն, ի վերջո, նամակի տեսքով է իր աջակցությունը հայտնել վրացական կողմին: Այդ պահին տեղական ընդդիմադիր մամուլը արդեն իսկ խստորեն քննադատում էր Սարգսյանին միայն Մեդվեդեւին զանգահարելու համար` նրան մեղադրելով Հայաստանի ազգային շահերի գնով Ռուսաստանին քծնելու փորձերի մեջ»:
Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում նաեւ գրում է, որ վրացի պաշտոնյաները խուսափել են հայաստանցի իշխանավորների հետ դեմ առ դեմ հանդիպումներից:
Օգոստոսի 15-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի հետ առանձնազրույցի ընթացքում իր խորին հիասթափությունն է հայտնել Վրաստանի «թշնամական պահվածքի» առթիվ: Նալբանդյանը Փենինգտոնին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում կապ հաստատել Վրաստանի իր պաշտոնակցի հետ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ամերիկացի դիվանագետին նաեւ պատմել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Էկա Տկեշելաշվիլին, օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Թբիլիսի վերադառնալու ճանապարհին գտնվելով Երեւանի օդանավակայանում, հրաժարվել է հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ հետ: Վրաց նախարարն այս մերժումը պատճառաբանել է «անհապաղ Վրաստան վերադառնալու» հրահանգով:

Փենինգտոնի հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է. - «Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար»:

Հայաստանի արտգործնախարարը սակայն հավելել է. - «Մենք չենք օգտագործի այս խաղաքարտը, պարզապես սա է իրականությունը»:

No comments: