Tuesday, November 30, 2010

«Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում». տեղի ունեցավ հազվագյուտ մենագրության շնորհանդեսը

Panorama.am. 30-11-2010- Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրության շնորհանդեսը, որը վերահրատարակվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ:
Նշենք, որ այս հազվագյուտ մենագրության առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում 1913 թվականին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այդ գիրքը բացառիկ է, քանի որ 1913 թվականին հրատարակված առաջին գիրքն է, որի վերնագրում նշվում է հոլոքոստ եզրույթը: Նրա խոսքով, այս գիրքը հնարավոր չէ գտնել որևէ գրախանութում: «Գրքի սիրահարները պատրաստ են տասնյակ հազարավոր դոլարներ տալ մեկ օրինակ ունենալու համար: Այս գիրքը ականատեսի բացառիկ և եզակի վկայությունն է, այն շրջանառության մեջ չկա, միայն աշխարհի խոշոր գրադարաններում կարելի է գտնել բնօրինակը: Այս գրքում հեղինակն անդրադառնում է Ադանայի կոտորածներին, իսկ Ադանայում ամբողջությամբ այրել են ոչ միայն հայերի տները, թաղամասերը, այլև կենդանի մարդկանց: Այս գիրքն առանց սարսուռի հնարավոր չէ կարդալ: Այս գրքում հեղինակը ամոթանք է տալիս Եվրոպային, որ կրկին 1909 թվականին զանց առավ հայերի իրավունքները, իսկ Թուրքիան կրկին կարողացավ անպատժելիությունից օգտվել, իսկ այդ անպատժելիությունը բերեց Հայոց Ցեղասպանության»,-ասաց նա:

Ապագայում նախատեսվում է այդ գիրքը հրատարակել նաև հայերեն լեզվով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ այն ազգն ով չի հիշում իր պատմությունը`արդեն իսկ վտանգում է հետագա գոյության իրավունքը: «Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ մեր պատմությունը փոխանցենք մեր ապագա սերունդներին: Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է: Ես և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ցանկացանք մեր լուման ներդնել մեր պատմությունը մեր սերունդներին փոխանցելու գործում: Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ`շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն»,- հավելեց Ռ. Յիրիկյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եզակի աղբյուր հանդիսացող գրականություն է բերվել տարբեր երկրներից, որոնց շարքում կարելի է առանձնացնել ամերիկացի միսոներ Ալիս Քիփ Քլարկի «Նամակներ Կլիկիայից» աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920 թվականի Հաճնի կոտորածների վերաբերյալ: Նշենք, որ թանգարանային և ցուցադրության միավորների`գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգրանային, այլև ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:
Հ. Դեմոյանի խոսքով, յուրաքանչյուր նոր թանգարանի համար ֆոնդային միավորներով համալրվելը բացառիկ երևույթ է: «Թանգարանը համալրվում է բացառիկ գրքերով կամ նմուշներով, որոնք էլ ավելի են ուժեղացնում մեր դիրքերը ժխտողականության դեմ պայքարում, ինչպես նաև ավելի բովանդակալից են դարձնում թանգարանի գիտական ցուցադրությունը»,- ասաց Հայկ Դեմոյանը:
«Ես համոզված եմ, որ այն ինչ-որ անում ենք թանգարանի համար դա քիչ է, սակայն մենք անում ենք մեր հնարավորությունների սահմաններում: Եվ շատ լավ կլիներ, որ շատերը մտածեն այսպիսի աշխատանք կատարելու մասին»,- հավելեց Ռ. Յիրիկյանը:
Հ. Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը, և այս նախաձեռնության արդյունքն է «Կիլիկյան» մատենաշարի ստեղծման գաղափարը: Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրության «Կիլիկյան» մատենաշարի մասն է կազմում: Նա նշեց, որ այս տարի «Կիլիկյան» մատենաշարը համալրելու համար դեկտեմբերին տպագրվելու է ևս երկու վերահրատարակություն ` «Այստեղով թուրքերն են անցել» ֆրանսերն լեզվով հազավագույտ հատորը, որի բնօրինակից աշխարհում միայն մեկ օրինակ կա վաճառքում, ինչպես նաև «Հայկական կոտորածներ» վերնագրով գիրքը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար Ռ. Յիրիկյանն արժանացավ շնորհակալագրի, որն ի դեպ, տպագրվել է անմեղ նահատակների հիշատակին խոնարհած, ապրիլքսանչորսյան ծաղիկների թերթերից պատրաստված հատուկ թղթի վրա: Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք են առել» Արևորդի էկո-ակումբների սաների ջանքերով: Վերամշակված այդ թուղթը նախատեսվել է շնորհակալագրերի և հուշաթերթիկների համար:

Նշենք, որ այդ նախաձեռնության ակունքներում դարձյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` բնապահպանական նախաձեռնություններում գործընկեր հանդիսացող «Վայրի բնության պահպանության մշակութային հիմնադրամի» հետ:

No comments: