Tuesday, November 16, 2010

Վրացիները կամաց-կամաց յուրացնո՞ւմ են հայկական հողերը

7Or.am. 15-11-2010- Հայ-վրացական սահմանի Բավրայի հատվածում վիճելի հողատարածքի հետ կապված լարված իրավիճակը պահպանվում է: Խոսքը վերաբերում է 400 մ լայնություն և 2,8 կմ երկարություն ունեցող տարածքին, որը կազմում է մոտավորապես 130 հա, և որը հայկական կողմը համարում է իր տարածքը. այդ հողատարածքների համար Հայաստանի 136 քաղաքացիների 20 տարի առաջ տրամադրվել են սեփականության վկայականներ: Սակայն երկրորդ տարին է՝ վրացի սահմանապահները Բավրայի բնակիչներին չեն թողնում իրենց հողակտորներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Գյուղացիների խոսքերով' վրաց սահմանապահներն անսպասելիորեն հսկիչ անցագրային կետեր են տեղադրել գյուղի և իրենց դաշտերի միջև ու սպառնում են սահմանը հատելու դեպքում նրանց տուգանել 2000 լարիով:
«Ինչպե՞ս եղավ, որ մեր ավանդական արոտավայրերը հանկարծ հայտնվեցին Վրաստանի տարածքում»,-հարց են տալիս Բավրայի բնակիչները: «Եթե մեզ կտրականապես արգելեն մեր հողակտորներում խոտքաղ անել, ապա ստիպված անասուններին հարկադիր մորթի ենք ենթարկելու»,-սպառնում են գյուղացիները, քանի որ նրանց կերակրելու այլ հնարավորություն չունեն:
-Ես ինչքան հիշում եմ, 70 տարեկան եմ, էդ 70 տարվան պլյուս երկու հատ էլ 70՝ էդ հողերը օգտագործել ենք մենք: Սակայն էս երկու տարի է, այդ հողերի պատմությունը սկսվել է: Մենք վիճել ենք վրացիների հետ, որ էս հողերը մերն են, դուք այստեղ իրավունք չունեք մտնելու: Բայց իրենք սահմանը քաշել են ու մեզ չեն թողնում մեր հողերը մտնել, մենք նույնիսկ մեր հին եկեղեցին չենք կարող մտնել,-ասել է Բավրայի բնակիչ Հակոբ Հարությունյանը:
Նա նաև ավելացրել է, թե երկրորդ տարին է, ինչ չեն կարողանում իրենց սեփական հողատարածքներում խոտքաղ անել, այդ պատճառով ստիպված կտրուկ քայլերի են դիմել։
-Գալիս-հասնում է այն օրը, երբ խոտերը վառվում են, նոր իբր թույլ են տալիս քաղելու: Սակայն այն բանից հետո, երբ էս տարի կազմակերպեցինք՝ ճանապարհը փակեցինք (մենք ուրիշ ելք չունեինք), նոր մարզպետարանից ու միլիցիայից եկան, խոստացան, որ կբանակցեն, որ քաղենք,-պատմել է Հակոբ Հարությունյանը:
Իսկ Բավրայի նախկին համայնքապետ Կորյուն Սումբուլյանն ասում է, թե վրացական կողմի ձեռքին կա մի պայմանագիր, որով 2006թ.-ից այդ հողերն իրենց են պատկանում:
-Վրացիների ձեռքին այդպիսի պայմանագիր կա, որ էդ հողերը իրենցն են: Էդ մասին, բնականաբար, մեր կառավարությունում գիտեն, չէ՞: Այս պարագայում հարցական է մնում, թե ի՞նչ իրավական հիմքերով է հայկական կողմը բավրացիներին սեփականության վկայականներ տրամադրել այդ հողերի նկատմամբ»,-ասել է նախկին գյուղապետը:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի

No comments: