Tuesday, November 30, 2010

Մեդվեդեւը ցանկանում է համընդգրկուն փաստաթուղթ մշակել ԼՂ «կարգավորման հիմնական սկզբունքները» անունով

News.am. 30-11-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցանկանում է համընդգրկուն փաստաթուղթ մշակել Ղարաբաղի «կարգավորման հիմնական սկզբունքները» անունով: Այդ մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը զբաղվում է ղարաբաղյան կարգավորման աջակցմամբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, նաեւ ազգային մակարդակով՝ հաշվի առնելով մեր հատուկ բարի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անձամբ է զբաղվում այդ հարցով: Նա արդեն 7 կամ 8 հանդիպում է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, եւ դրանց ընթացքում լուրջ փորձ է արվել խորանալ առկա տարաձայնությունների մեջ եւ հաղթահարել դիրքորոշումների հակասությունը»,- ասել է նա:
Լավրովի խոսքով, Ռուսաստանի նպատակն է մշակել «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվամբ համընդգրկուն փաստաթուղթ, որը ցույց կտար խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքի հիմնական ուղությունը: «Սկզբունքների հիմնական մասով համաձայնություն է ձեռք բերվել, բայց լուրջ խնդիրները դեռ մնում են»,- ասել է նա:
«Մենք սերտորեն աշխատում ենք ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ: Աստանայի գագաթաժողովից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Նրանք հանձնարարություն ունեն մինչեւ Աստանա հայտարարություն պատրաստել, որի տակ կստորագրեն Հայաստանը, Ադրբեջանը եւ համանախագահները: Հուսով եմ, որ դա կլինի: Վերջին շրջանում մենք հարաբերական անդորր ենք տեսնում շփման գծում: Բայց ես առայժմ չեմ կարող ասել, թե Աստանայում ճեղքում կլինի: Դա աշխատատար գործ է: Եթե Աստանայի գագաթաժողովը կօգնի հետագա առաջընթացին, դա լուրջ ձեռքբերում կլինի»,- ասել է նա:

No comments: