Այսօր առանձնապես ծանր գործերով զինվորական դատարանը Բաքվում համապատասխանար 7,5 եւ 7 տարվա ազատազրման է դատապարտել Ադրբեջանի ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի նախկին հրամանատար, 2009 թ. փետրվարի11-ին սպանված Ռաիլ Ռզաեւի օգնական Այդըն Ռաֆիեւին եւ հանձնակատար Անար Հաշիմովին:Սույն դատավճիռը, սակայն, որեւէ կապ չունի բարձրաստիճան զինվորականի սպանության փաստի հետ:
Ռաֆիեւը եւ Հաշիմովը մեղադրվում են նրանում, որ գեներալի սպանությունից անմիջապես հետո “ապօրինաբար մուտք են գործել նրա աշխատանքային առանձնասենյակ, վերցրել են այնտեղից մեծ քանակությամբ ոսկի եւ ոսկերչական զարդեր, DVD խտասկավառակներ եւ սեյֆից գողացել 200 000 եվրո”:
Ավելի վաղ հանգուցյալ գեներալի որդու` Գուրբան Ռզաեւի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել էր, որպեսզի մեցադրյալներից խուզարկությամբ առգրավված գողոնը` ոսկին, ոսկերչական իրերը եւ 200 000 եվրո գումարը վերադարձվեն իրավահաջորդին: Դատարանը, սակայն, այդ միջնորդությունը չի բավարարել:
Այսպիսով, տպավորությունն այն է, որ դատարանը դատել է ոչ այնքան Ռաֆիեւին եւ Հաշիմովին, որքան` հանգուցյալ գեներալ- լեյտենանտ Ռաիլ Ռզաեւին: Եթե հրապարակվել են գեներալի բարի համբավը կասկածի տակ թողնող փաստեր, եթե դրանց հիման վրա մեղադրական վճիռ է կայացվել, ուրեմն անուղղակի մեղավոր է ճանաչվել նաեւ Ռաիլ Ռզաեւը:
Մնում է զարմանալ, թե ինչպե՞ս էր ծառայողական աշխատասենյակը գանձարանի վերածել Ռաիլ Ռզաեւը եւ ո՞րն էր նրա հիմնական զբաղմունքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment