Monday, November 8, 2010

Ստանիսլավ Տարասով. Նոր պատերազմը հարցականի տակ կդնի Ադրբեջանի պետականությունը

Panorama.am. 8-11-2010- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության էսկալացիան հարցականի տակ կառնի Ադրբեջան պետության գոյությունը: Նման կարծիք է հայտնել ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը` Regnum գործակալությունում հրապարակած վերլուծականում:
Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների թաղման արարողության ժամանակ Իլհամ Ալիևի արտասանած հերթական ռազմատենչ ճառին` Ստանիսլավ Տարասովը նշում է, որ այդկերպ ի չիք դարձան այն լավատեսների հույսերը, ովքեր կարծում էին, որ հումանիտար հարցերում համաձայնությունից հետո կողմերը փորձ կանեն բարելավել հակամարտության ընդհանուր ֆոնը:
«Նախկինի պես նկատվում է միտում, ըստ որի Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային գործընթացում փորձում է ռազմական ուժի դիրքերից գործել»,- նշում է հեղինակն ու շարադրում իր մոտեցումը. «Անվիճելիորեն անկախության տարիներին Ադրբեջանը` Անդրկովկասի ամենահարուստ պետությունը, քիչ ֆինանսական ռեսուրսներ չի տրամադրել իր բանակի տեխնիակական հագեցմանը, մարտունակության ամրապնդմանը: Միաժամանակ հիմարություն կլիներ ենթադրել, որ հակառակ կողմը` Հայաստանը, այդ ժամանակ ձեռքերը ծալած նստել էր: Չնայած գործնականում Ադրբեջանի անհամեմատելի ծախսերին, Հայաստանի բանակը` միջազգային անկախ փորաձեգտների գնահատականներով, նույնպես էականորեն բարձրացրել է իր մարտունակությունը: Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Երևանից առանձին քաղաքական գործիչների կողմից հնչում են «Ադրբեջանին երկորրդ պատմական ռազմական հարվածը հասցնելու» և նրան «վերջնական կապիտուլյացիայի ակտ ստորագրել հարկադրելու» կոչեր: Սակայն թնդանոթների ու ինքնաձիգների լեզվին անցնելը կնշանակի ոչ միայն երկու երկրների դիվանագիտության պարտություն, այլև միջազգային հանրության` հետխորհրդային տարածքի հնագույն ազգամիջյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված ջանքերի տապալում»:

Ստանիսլավ Տարասովի կանխատեսումենրն այսքանով չեն սպառվում: «Սա միայն խնդրի մի կողմն է»,- զգուշացնում է փորձագետն ու նշում. «Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ուղին գործնականում ենթադրում է այդ տարածաշրջանի հայ բնակչության էթնիկական զտում, քանի որ դժվար է ստեղծված հանգամանքներում պատկերացնել նրանց հետագա համակեցությունն ադրբեջանցիների հետ: Կովկասում իրադարձությունների նման ընթացք միջազգային հանրությունը թույլ չի տա` բազմաթիվ պատճառներով, այդ թվում նաև` սպեցիֆիկ կառուցված էներգետիկ հաղորդակցությունների տարածաշրջանում, ինչում Ադրբեջանը քիչ ջանքեր չի ներդրել, քաղաքական ու աշխարհաքաղաքական կայունության պահպանման նպատակով: Ի դեպ, այդ գործոնը մեծ հաշվով ադրբեջանական դիվանագիտությանը թույլ չի տալիս աջակցություն ստանալ Արևմուտքի առաջատար երկրներից»:
Փորձագետը մեկ այլ զգուշացում էլ է անում. «Հաշվարկները, թե Թուրքիան կբռնի Ադրբեջանի կողմը, մեծ հաշվով տեսիլք են: Ահա թե ինչու` Ադրբեջանի կողմի Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում առավել իրատեսական է 2008 թվականի օգոստոսի վրացական սցենարի կրկնությունը, ըստ որում` առավել հեռուն գնացող հետևանքներով` կապված ընդհանրապես ադրբեջանական պետականության պահպանման հետ»:
Ամփոփելով` հեղինակը եզրակացնում է. «Ելքը մեկն է` ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցություններ վարել` պայմանավորվելու ցանկության դիրքերից»:

No comments: